Ճգնաժամի նախաշեմին. ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը լուրջ մտահոգության առիթ Հայաստանի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը գնալով խորանում է, եւ երկու երկրների հակասությունները թեւակոխել են նոր փուլ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն էապես կրճատելու մասին՝ համապատասխան փաստաթուղթ ստորագրելով, ըստ որի՝ Ամերիկայի դիվանագիտական կորպուսի 755 աշխատակից մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է հեռանա ՌԴ-ից: Իր հերթին ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել ԱՄՆ Կոնգրեսը, եւ սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրելուց հետո այն կմտնի ուժի մեջ: Մասնագետների պնդմամբ՝ վերջին անգամ նման դիվանագիտական ճգնաժամ եղել է 1986թ., երբ ԱՄՆ-ից արտաքսվել էր ԽՍՀՄ 80 դիվանագետ, իսկ ԽՍՀՄ-ից՝ ամերիկյան 30 դիվանագետ:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում այս լարվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել նաեւ Հայաստանում: Ակնհայտ է, որ տեղի ունեցողն իր անմիջական բացասական ազդեցությունը կարող է թողնել մեր երկրի, մասնավորապես տնտեսության վրա: Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է տնտեսական միասնական տիրույթում, հայկական տնտեսությունը խորապես փոխկապակցված է ռուսական տնտեսության հետ. այս երկրից են գալիս ֆինանսական հիմնական հոսքերը՝ մասնավոր տրանսֆերների տեսքով, այս երկիր է արտահանվում հայկական ապրանքների զգալի մասը, այս երկրի խոշորագույն ձեռնարկությունները գործունեություն են ծավալում Հայաստանում՝ լինելով խոշոր հարկատուների շարքում: Հետեւաբար ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած վայրիվերում իր անմիջական ազդեցությունն է ունենում նաեւ մեր երկրում, շատ հաճախ՝ ավելի խորը, քան կարելի է պատկերացնել:

Այս փաստն ընդունում են նաեւ իշխանությունները. Հայաստանի կառավարությունն իր ներկայացրած տնտեսական ծրագրային փաստաթղթերում արտաքին ռիսկերի շարքում միշտ առաջնային տեղ է հատկացրել աշխարհաքաղաքական զարգացումներին, ռուսական տնտեսության վայրիվերումներին, բայց չնայած սրան՝ այդպես էլ որեւէ քայլ չի արվել տնտեսության դիվերսիֆիկացման ու Ռուսաստանից կախվածության նվազեցման ուղղությամբ: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին Հայաստանի տնտեսությունը գնալով Ռուսաստանից ավելի մեծ կախվածության մեջ է ընկել: Եւ հիմա, չնայած այս ամենին, իշխանությունները՝ գիտակցելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են իրենց բացասական հետեւանքներն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որեւէ քայլ չեն անում ազդեցությունը մեղմելու ուղղությամբ: Այնպես որ, առանց չափազանցնելու Հայաստանին ծանր օրեր են սպասվում:




Լրահոս