ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Բաթումիի օրինակով գրավիչ դարձնել Հայաստանը. ինչ խորհուրդներ է տալիս Աջարիայի նախկին ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի թիմի անդամ Լեվան Վարշալոմիձեն իր իշխանության ընթացքում Բաթումին կարողացավ վերածել զբոսաշրջիկների սիրելի վայրի: Նրա խոսքով, դա աշխատատար գործընթաց է եղել, սակայն անդադար աշխատանքն ու նպատակասլացությունն ամեն ինչ հնարավոր կդարձնեն:
Այս օրերին Վարշալոմիձեն Հայաստանում է. իր խորհուրդներով կփորձի օգնել, որպեսզի Հայաստանը եւս գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Լեվան Վարշալոմիձեն:

-Բաթումի քաղաքն այժմ մեծ մասսայականություն վայելող զբոսաշրջավայր է: Ձեր ղեկավարման տարիներին ինչպե՞ս կարողացաք հասնել նման արդյունքի:

-Դե, իհարկե, աշխատատար պրոցես է եղել: 2004 թվականին, երբ մենք եկանք իշխանության, տուրիստական ամբողջ կոմպլեքսից, որ կար խորհրդային տարիներին, մնացել էր միայն 2 ռեստորան, մեկ սրճարան, հյուրանոց: Դրան գումարենք, որ Վրաստանում այն ժամանակ գրեթե չկար էլեկտրականություն, ճանապարհներ, ջուր, եւ կարող եմ ասել, որ մենք սկսել ենք զրոյից: Երբ եկանք իշխանության, միշտ ցանկանում էինք ինչ-որ բան ստեղծել: Մեր երազանքը Բաթումիում ինչ-որ նոր բան ստեղծելն էր: Այդ ծրագիրը մենք այդպես էլ անվանում ենք «Բաթումյան հրաշք»: Այդ տարիներին շատերը չէին հավատում, շատերը նույնիսկ խելագարներ էին անվանում: 2007 թվականին արդեն առաջին քայլերը եղան, որոնց կրկին քչերը հավատացին: Առաջին երեք տարին, իհարկե, դժվար էր, ամեն ինչ սկսել ենք զրոյից, նույնիսկ գումարներ չկային:

2007-ին ներդրողներն արդեն հավատում էին, որ ինչ-որ բան կատարվում է: Մենք որոշեցինք սկսել ծովից եւ հասնել քաղաքի կենտրոն: Ամենագլխավոր հարցն այն էր, թե ինչպես զարգացնենք ծովափը: Փոքր քաղաք լինելով՝ այնպիսի թանկարժեք հյուրանոցներ ունեցանք, որը չունեն շատ մեծ քաղաքներ: Մենք հասկացանք, որ այլ զբոսաշրջային կենտրոնների հետ չենք կարող մրցել միայն ծովով: Եվ որոշում կայացվեց չկենտրոնանալ միայն այդ կողմի վրա եւ այլընտրանքներ մտածել: Ես շատ ուրախ եմ, որ իմ ղեկավարությամբ Բաթումին գրավիչ դարձավ հայերի համար: Բաթումին հայերի համար եւս հարազատ է դարձել: Կցանկանայի, որ այդ ծրագիրը վարակիչ դառնա նաեւ այլ երկրների համար: Իհարկե, բարդ էր, սակայն ցանկություն եւ մեծ թիմ կար:

-Ինչպե՞ս կարող ենք զարգացնել Հայաստանում Սեւանը ու այն Բաթումիի պես գրավիչ դարձնել:

-Եթե իմ փորձն այստեղ օգտակար լինի, ես միայն ուրախ կլինեմ: Իհարկե, միշտ եւ ամեն ինչ կարելի է զարգացնել: Սեւ ծովում կան ավելի լավ քաղաքներ եւ վայրեր, քան Բաթումին, բայց գաղտնիքն այն էր, որ կար թիմ, կային մարդիկ, որոնք աշխատում էին համախմբված: Միայն զբոսաշրջության կոմիտեն չի կարող զարգացնել քաղաքը, պետք է աշխատեն բոլոր կառույցները: Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի. կան արդյունաբերական, հնագույն քաղաքներ, այդ ամենը պետք է միացնել եւ միասին զարգացնել: Իհարկե, զբոսաշրջիկների այցը երկիր շատ կարեւոր է, բայց առաջին հերթին պետք է զարգացնել ներքին տուրիզմը: Մարդիկ պետք է իմանան իրենց երկիրը, դրանից հետո պետք է շեշտը դնել հարեւան երկրների վրա, իսկ երրորդ քայլով էլ միջազգային բրենդ դառնալն է: Պոտենցիալ միշտ կա. ես հավատում եմ, որ երբ մարդն ունի նպատակ, ապա ամեն ինչ կարվի այդ նպատակին հասնելու համար:

Մանրամասները`  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս