Օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2000 թ. ծնված Արման Մ.-ն և նույն թվականին ծնված Մորիս Խ.-ն:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին, Մորիս Խ.-ին, ինչպես նաև նրանց տարեկից ընկերոջը՝ մեջքի շրջանում վնասվածք ստացած Արգիշտի Մ.-ին նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 դպրոցի բակում դանակահարել են ոմն Աֆոնը և նրա ընկերները:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների և Մաշտոցի բաժնի ոստիկանության վետերաների նախագահի կողմից անցկացած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 11-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 2001 թ. ծնված Էդգար Ա.-ն և խոստովանել, որ նշված երեք տղաներին ինքն է դանակով հարվածել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Ա.-ի ընկերների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: