Ինչ սպասել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Զախարովան կարծես թե հաստատակամությամբ է խոսել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման հնարավորության մասին: Նկատենք, որ թերևս մինչ այդ սեպտեմբերին կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը և չնայած բազմիցս է նշվել նման հանդիպումների անարդյունավետության մասին, սակայն դրանք ավելի գերադասելի են, քան հնարավոր պատերազմական գործողությունները:

Մշտապես նշվել է այն մասին, որ անիմաստ  է ցանկացած հանդիպում, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Բաքուն դրանք կատարելու մտադրություն անգամ չունի:

Այստեղ կարևոր է այն օրակարգը, որով Ալիևի հետ հանդիպման է գնում Սերժ Սարգսյանը: Արդյոք ճնշում կգործադրվի Ալիևի վրա, թե Հայաստանը կզիջի իր դիրքերը:  Շատ հնարավոր է  նաև, որ այս հանդիպումն այդպես էլ անարդյունք լինի և ոչ մի էական նշանակություն չունենա հակամարտության կարգավորման վրա, սակայն Սարգսյան-Ալիև հանդիպումը լուրջ փորձություն է նաև համանախագահության համար, որը պետք է ապացուցի իր գործունեության արդյունավետությունը: Սակայն այժմ քչերն են հավատում, թե միջնորդները կարող են էական առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում, սակայն այն, որ կարողանում են ապահովել խաղաղություն, դա արդեն ձեռքբերում է:

Ամեն դեպքում առաջիկայում փոփոխություններ կարող են արձանագրվել. պետք է հիշել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի հարցազրույցը  «Ամերիկայի ձայն»-ին, որտեղ նա ասել է, թե  եկել է հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերը ակտիվացնելու ժամանակը, և առաջիկայում կարող են լինել որոշակի քայլեր: Արդյոք սա նշանակում է, թե Վաշինգտոնը Մոսկվայի փոխարեն կարող է որոշիչ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում:

Ամիսներ առաջ էլ Ռիչարդ Հոգլանդը իր մեկ այլ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը առաջիկայում կակտիվանա ղարաբաղյան հարցում, երբ որոշակիանա ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը: Այստեղ պետք է հասկանալ, թե մենք ինչ կարող ենք շահել Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս