Ինքնասպան եղած կապիտանն ամիսներ առաջ ոստիկանների հետ ծեծկռտուքի մեջ է ընկել. կրակոցից առաջ գրություն է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կապիտանը իր առանձնասենյակում ծնոտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել եւ մահացել էր: Ըստ տեղեկությունների կապիտան Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան է եղել:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ կապիտանը ամսիներ առաջ Երևան քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի մասնակից է եղել և ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այսպես, մայիսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Արևելյան խոհանոցի մոտակայքում ծեծկռտուք է եղել: Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցների` Արտակ Սարգսյանին և Զոհրապ Գալստյանին: Մասնակիցներից մեկը եղել է հենց կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, ինչպես նաև Վահե Ասատրյանը, Հովհաննես Թադևոսյանը և այլք:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ծեծկռտուքի հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները, իսկ մյուս կողմում ՃՈ աշխատակիցներ են եղել: Նրանք նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեպքից առաջ գրություն է թողել` թե ոչ մեկին չմեղադրեք:

Անդրանիկ Մկրտչյանը ապրիլյան պատերազմի հերոս էր, մեդալակիր:

Արդյոք կատարվածը կապված է աղմկահարույց ծեծկռտուքի հետ, դեռևս պարզ չէ: Վերջինիս մտերիմները նշում են, որ նա սոցիալապես վատ պայմաններում չէր ապրում, ընդամենն ուներ մեկ միլիոնի հասնող վարկ, որը կանոնավոր մուծում էր:

Հավելենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։ Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս