Մեկը տանում է Անկախությունը, մյուսը՝ բերում. երկու ինքնաթիռ՝ «Զվարթնոցում». «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների և նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել և հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների և լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան:

Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետև այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու և Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով:

Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի և տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի:

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի և Վատիկանի համար:

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը մեզ հյուր է գալիս աշխարհի առաջատար բռնապետական երկրներից մեկի նախագահը, թերևս էլ ավելի հեռահար վերլուծությունների թեմա է: Կարող էր չէ՞ այսօր Երևան ժամանել Կանադայի վարչապետը կամ եվրոպական ժողովրդավարական երկրներից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով»:




Լրահոս