Regnum գործակալությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին և եկել այն եզրակացության, որ Հայաստանը պատրաստ չէ արտակարգ իրավիճակների: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Ամառը Հայաստանում թեժ ստացվեց: Օգոստոսին օդի ջերմաստիճանը մի քանի ռեկորդ սահմանեց, և միևնույն ժամանակ պարզվեց, որ երկիրը պատրաստ չէ բնության անակնկալներին և տարբեր արտակարգ իրավիճակների:
Օգոստոսի 12-ին հրդեհ բռնկվեց Խոսրովի արգելոցում: Շոգի և քամու պատճառով կրակն արագ տարածվեց՝ մեկ օրվա մեջ գրավելով անտառի հարյուր հեկտարից ավել տարածք: Ինչպես հայտնի դարձավ հրդեհի մարման ժամանակ, Հայաստանում չկա համապատասխան տեխնիկա և կազմակերպվածություն ՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ականատեսների խոսքով, ովքեր կամավոր հիմունքներով եկել էին հրդեհի վայր, դրա մարման համար տեղում չկային համապատասխան քանակի մարդիկ, ջուր և տեխնիկա:
«Իսկ այդ ընթացքում նախարարները, գեներալները կրակից 8 կմ հեռավորության վրա շտաբ էին ստեղծել, հագուստով և ռենջերների դեմքով մամուլի առջև տպավորություն էին ստեղծում, թե աշխատում են»,- գրում է կամավորներից մեկը:
Ակնհայտ է, որ պետք էր օգնություն խնդրել հարևան երկրներից և հատկապես ՌԴ-ից: Տեղացի բնապահպանների խոսքով, արդեն մեկ օրից պարզ դարձավ, որ սեփական ուժերով Հայաստանը գլուխ չի հանի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, ՌԴ-ին օգնության համար Հայաստանը դիմեց հրդեհի սկսվելուց երկու օր անց միայն: Արդյունքում միայն երրորդ օրը Հայաստան եկած ինքնաթիռը մոտավոր 15 թռիչք կատարեց, և հրդեհը հնարավոր եղավ մեկուսացնել, ապա` մարել: Եթե հայ նախարարներն իրենց չցուցադրեին տեսախցիկի առջև, այլ ժամանակին դիմեին օգնության, հնարավոր կլիներ արգելոցի ավելի մեծ տարածք փրկել:
Օգոստոսի 28-ին հրդեհ բռնկվեց «Նաիրիտ» գործարանում: ԱԻՆ հայտնելուց մի քանի ժամ հետո հրդեհը մեկուսացվեց: Սակայն ծուխը Երևանում պահպանվեց մինչ ուշ գիշեր, որն էլ թեթև խուճապ էր առաջացրել բնակիչների մոտ: Տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ օդը մի փոքր կեղտոտ է, և այդ տարածքում մնալը չափազանց վտանգավոր է:
Չնայած առողջապահության և բնապահպանության նախարարությունները վստահեցնում էին, որ օդն այդքան վտանգավոր չէ, սակայն բնակիչները հավատում էին իրենց աչքերին և այն տեղեկություններին, որ հրդեհի մարման ժամանակ վիրավորներ են եղել: Զգուշավորություն էին ենթադրում նաև այն հայտարարությունները, որոնցով խորհուրդ էր տրվում փակ պահել դռներն ու պատուհանները:
Իսկ այն, ինչ եղավ օգոստոսի 29-ին Երևանում, ուղղակի շոկի ենթարկեց բոլորին: Ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում, երբ փորձում էին ազատ արձակել Երևանի բնակչի կողմից վերցված պատանդին, ոստիկանությունը դիմեց դիպուկահարի օգնությանը, քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել:
Այստեղ, ինչպես ասում են, կարելի է զերծ մնալ մեկնաբանություններից: Նշենք, որ լուսանկարներն արվել են մինչ այն պահը, որ դիպուկահարը վնասազերծել էր հանցագործին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: Լուսանկարներում երևում է, որ մարդկանցից մեկն անցնում է դիպուկահարի վրայով, իսկ տեսանյութերում էլ երեխաներ են երևում:
Ի դեպ, մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրապարակման, Երևանում ևս մեկ դեպք եղավ: Երևանի բժշկական կենտրոններից մեկում վնասվել էր աստիճանը, որի վրա շինարարներն աշխատանք էին կատարում. նրանք մնացին 21 մետր բարձրության վրա, և նրանց որկել եղավ միայն ԱԻՆ-ի օգնությամբ: