Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տալիս անասնապահներին և անասնաբույժներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Մասնավորապես, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար) և ձիերի սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ:

Կարևորելով կենդանիների առողջության բարելավմանն ու անվտանգ կենդանական ծագման արտադրանքի ապահովմանն ուղղված միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ հորդորում ենք համայնքների ղեկավարներին և անասնատերերին աջակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման ընթացքում:

Միաժամանակ, անասնաբույժներին ու անասնատերերին խորհուրդ է տրվում խստորեն հետևել կենդանիների գլխաքանակի և իրականացված միջոցառումների վերաբերյալ համապատասխան մատյանների վարմանը:

Հարցերի և խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ` 055 541-968 հեռախոսահամարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս