Երեւանի ավագանու՝ երեկվա նիսում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ:
Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
Չնայած ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանի պատկառելի տարիքին՝ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը՝ Շենգավիթցի Ծիտը, նրան մի քանի անգամ դիմեց «լսի, Անո՛», «պարոն Բախշյան»: Երբ «Ելք»-ի մյուս անդամները փորձեցին կարգի հրավիրել նրան, Սահակյանն անցավ «արա՛, ա՛յ տղա» դիմելաձեւերին՝ սկսելով վիճել արդեն «Ելք»-ի մյուս անդամի` Ալեն Սիմոնյանի հետ:
Նրան միացավ մեկ այլ մականունավոր՝ Հովհաննես Ավանեսյանը՝ Բլդին: Արդեն նիստի ավարտից հետո քաղաքապետարանի միջանցքում փորձում էր հաշիվներ պարզել ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անի Խաչատրյանի հետ: «Սառայների» մեծ մասնագետ ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանն իր հերթին հակադարձեց ընդդիմադիր անդամներին. «Ձենդ կտրի՛, բոժե մնե»: Իսկ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան էլ, որոշելով չզիջել իր տղամարդ գործընկերներին, նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանի հասցեին նետեց. «Բերանդ փակի մի քիչ, հիմա՛ր»:
Կարճ ասած, ավագանու նիստը երեկ հիշեցնում էր «քուչի բեսեդկայի ռազբորկա»: Բայց ՀՀԿ-ականներից այլ բան դժվար է սպասել. ի վերջո, ՀՀԿ ցուցակով ավագանու անդամ է դարձել նաեւ թաղային խուժանը՝ ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ձայներ ապահովելու իր կարողության շնորհիվ:
Իսկ նրանցից բարեկրթություն, բանավեճի կուլտուրա կամ նման կարգի դրսեւորումներ սպասելն առնվազն միամտություն է:
Երեկվա ողջ իրարանցման մեջ ամենաուշագրավը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահվածքն էր. նա սկզբում չէր փորձում միջամտել այդ լեզվակռվին, չէր փորձում կարգի հրավիրել իր թիմակիցներին մինչեւ այն պահը, երբ ավագանու «Ելք» խմբակցության անդամները դիմեցին նրան: Իսկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ՀՀԿ-ականները ռեպլիկներ էին նետում «Երկիր Ծիրանիի» անդամների հասցեին, նա փորձել էր արդարանալ. «Անկեղծ ասած, ես չեմ լսել այդ ռեպլիկները: Եթե «Երկիր Ծիրանիի» անդամները դա լսել են, իրենց էլ հարցրեք»: Ասել է, թե Տարոն Մարգարյանն իր լռությամբ երեկ աջակցում էր ՀՀԿ-ականներին, որպեսզի Անահիտ Բախշյանի հետ խոսեն անվայելուչ տոնով եւ վիրավորեն նրան: Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն: