Ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը Սերժ Սարգսյանի պատկերացրածից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը, որին անցնում է Հայաստանը փոփոխված Սահմանադրությամբ, առավել առաջադիմական է եւ կապահովի երկրի ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Նման գնահատականներ երեկ նա հնչեցրել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով միջոցառմանը հղած ուղերձում՝ ընդգծելով. «Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում. մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը»:

Սերժ Սարգսյանից, իհարկե, այլ գնահատականներ չէինք սպասում. նա հիմա մեկ գերխնդիր ունի՝ ամեն քայլափոխի համոզել, թե նոր Սահմանադրությունը եւ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի ապահովում է ժողովրդավարություն: Միայն թե հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է:

Հայտնի փաստ է, որ երկրի ժողովրդավարությունն ամենեւին էլ կապված չէ կառավարման համակարգի հետ, որ ժողովրդավարություն կարող է լինել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, ե՛ւ կիսանախագահական կառավարման համակարգերի պարագայում ու հակառակը: Այնպես որ, ժողովրդավարական անշրջելի զարգացման համար հարկավոր է երկրում անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

Եւ հետո, նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանում վերացնելով նախագահական ընտրությունները, բայց պահպանելով նախագահի պաշտոնը՝ դրանում նշանակում կատարելու իրավունքը տալով խորհրդարանին, Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին պարզապես զրկեց երկրում իշխանություն ձեւավորելու մեկ հնարավորությունից:

Եթե նախկինում ՀՀ քաղաքացիներն իշխանություն ձեւավորում էին նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ապա հիմա մնացել է միայն այդ հնարավորություններից մեկը՝ ԱԺ ընտրությունները: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության ոտնահարում:

Ու վերջապես, գնալով ավելի է հիմնավորվում տեսակետը, որ ժամանակին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնեց՝ իր անձնական իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:

Ընդ որում, նա ծրագրել է պաշտոնավարել ցմահ՝ դրա համար ստեղծելով օրենսդրական հնարավորություններ: Նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին այս օրերին ՀՀԿ-ականների՝ իրար հաջորդող հայտարարությունները եւս մեկ անգամ հիմնավորում են ասվածը: Եւ այս պարագայում ժողովրդավարության զարգացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:




Լրահոս