Սերժ Սարգսյանն ընկել է ժամանակին իրենց փորած ծուղակը, իսկ Էդվարդ Նալբանդյանը սրբագրում է տարածքներ հանձնելու մասին իր խոսքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին հայտարարությունները: Նա «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր խոսքերից որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից:

«Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- պարզաբանել է Նալբանդյանը:

Նալբանդյանի հայտարարությունների շուրջ բարձրացած աղմուկն իրականում սպասելի էր: Սա մի քանի պատճառով: Նախ` ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքահայերի մոտ Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ չկա վստահություն. մարդիկ համոզված են (ընդ որում, միանգամայն արդարացի), որ նա միջազգային ասպարեզում ի վիճակի չէ սպասարկել Հայաստանի շահը, եւ ի վիճակի չի լինի սպասարկել ՀՀ շահը նաեւ ԼՂ խնդրում:

Եւ բացի այդ՝ վերջին մոտ քսան տարում իշխանությունները երբեք չեն փորձել երկխոսության մեջ մտնել հասարակության հետ, երբեք չեն փորձել ազնվորեն, բացեիբաց խոսել Ղարաբաղյան խնդրի էության ու կարգավորման տարբերակների մասին, չեն ներկայացրել իրական պատկերը:

Ընդհակառակը, 1998թ. պետական հեղաշրջման ժամանակ ԼՂ խնդիրը որպես պատրվակ օգտագործելով եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելով՝ իշխանությունները միշտ փորձել են հասարակության մեջ սերմանել «ոչ մի թիզ հողականության» գաղափարը՝ նախկին իշխանություններին կպցնելով «դավաճանի», «հող հանձնողի» պիտակները: Այդպես՝ մոտ քսան տարի:

Միայն թե այդ քարոզչությանը զուգահեռ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրում բանակցել են լուծման նույն սկզբունքների շուրջ, այդ թվում նաեւ տարածքների վերադարձի մասին: Ուղղակի այդ ամենը պահել գաղտնի:

Հիմա, փաստորեն, Ս. Սարգսյանն ընկել է ժամանակին իրենց փորած ծուղակը, երբ չի կարող գնալ խնդրի լուծման առաջին հերթին հասարակության դիմադրության պատճառով, քանի որ հասարակությանը երբեք չի պատրաստել խաղաղության, խնդրի կարգավորման:




Լրահոս