ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժն էր կրում, ազատ է արձակվել:
ՔԿՀ-ում պատիժը կրող Վազգեն Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել է Սերժ Սարգսյանին և հենց դրա հիման վրա էլ ազատ արձակվել:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս կերպ է մեկնաբանում Խաչիկյանի ազատ արձակումը.
«Սերժ Սարգսյանը լավ է նայում իր թիմի անդամներին: Վազգեն Խաչիկյանը իր թիմի անդամն է և նրան ներվում է ամեն ինչ, այսինքն գործում է ընտրովիության սկզբունքը, այսինքն ով իրենց մերձավոր միջավայրից է կարող է նաև երեք տարի անցկացնել բանտում, իսկ մնացած կալանավորները պետք է ոչ համաներման արժանանան, ոչ էլ ներման արժանանան:
Այդքան մարդ է դիմել. ո՞ւմ է ներել: Ոչ մեկին: Արդարադատության վիճակը Հայաստանում ուղղակի կախված է Սերժ Սարգսյանից, ինքն է թելադրում արդարադատության սկզբունքները, որոնք որևէ կապ չունեն արդարադատության և արդարության հետ առհասարակ», – ասաց Ժաննա Ալեքսանյանը:
Վերջինս նշում է՝ Խաչիկյանին կալանավորեցին, որովհետև հափշտակած գումարների չափը մեծ էր և դա հնարավոր չէր որևէ տեղ թաքցնել և ստիպված էին նրան բանտ ուղարկել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:
Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:
Հավելենք, որ Վազգեն Խաչիկյանը ՔԿՀ-ում անցկացրել է 5 տարի։ Նա ձերբակալվել էր 2012թ.-ին և 2014թ.-ին դատարանի վճռով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Լուսինե Առաքելյան