Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին երկրի էկոնոմիկայի, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարները, արտաքին գործերի, գյուղատնտեսության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, և այցի շրջանակում ցանկություն է հայտնել ծանոթանալու ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու փորձին:
Հանդիպման ընթացքում նախարար Դ.Տոնոյանը բարձրաստիճան հյուրերին հանգամանալից ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, առանձնացված ստորաբաժանումների կազմակերպաիրավական ձևերը, ԱԻ կառավարման համակարգը և սկզբունքները, ինչպես նաև համագործակցությունն այլ պետական մարմինների ու մասնավոր հատվածի միջև:
Լիտվացի հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձով, որն օգտակար կարող է լինել իրենց երկրում ԱԻ կառավարման ու արձագանքման կենտրոնացված համակարգ ստեղծելու համար:
Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պատրաստակամ է աջակցել և սերտացնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Հանդիպման ավարտին Լիտվայի պատվիրակության անդամները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, ստորաբաժանումները, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը, գործառույթները և ներգրավվածությունը տարբեր արտակարգ իրավիճակների կառավարման գործում: