ՀԱՆԳԻՍՏ ՈՒԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենական-ռամկավար ազատական» կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանի կարծիքով ընտրությունների չմասնակցող կուսակցությունը կուսակցություն չի կարող լինել: Ուստի,  առաջիկա ընտրություններին  ԱՌԱԿ-ն անպայման մասնակցելու է, թեեւ դեռեւս հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով. «Միայնակ, թե դաշինքով` դեռեւս պարզ չէ: Սակայն միայնակ մասնակցելու համար մենք չունենք բավարար չափով հզորություն եւ գումարներ: Իսկ այսօր ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական ռեսուրսներ»: ԱՌԱԿ ղեկավարը նշեց, որ իրենց համար պարզ է այն, որ քաղաքական լուրջ դերակատարություն ունենալու համար անհրաժեշտ է մշտական ակտիվ գործունեություն: Մինչդեռ դրա համար եւս կարիք կա որոշակի  ֆինանսական միջոցների: Կուսակցության նախագահի խոսքերով ԱՌԱԿ-ը հիմնականում գոյատեւում է անդամավճարների հաշվին. «Մինչեւ այսօր ինչ արել ենք, արել ենք մեր վարչության անդամների, մեր սեփական միջոցների հաշվին, երբեմն էլ  նվիրատվությունների շնորհիվ»: Ինչ վերաբերում է ԱՌԱԿ-ի Կորյունի 19 ա 3-րդ հարկում գտնվող գրասենյակին, ապա այն «վարձակալած չէ, բարի կամքի դրսեւորմամբ է տրամադրվել կուսակցության գործունեության համար»: Պարոն Ավետիքյանն ասաց, որ կուսակցության անդամների թիվը 800-900 է, որոնցից  380-ը կանայք են. «Առաջիկայում  համալրում կլինի, բայց ասեմ, որ մեզ նման  հանգիստ ուժի կուսակցությունը չի կարող մեծ թվով անդամներ ունենալ, թող լինի որակ»: Թե ԱՌԱԿ ղեկավարն ինչ նկատի ունի` ասելով հանգիստ ուժի կուսակցություն, այդպես էլ պարզ չդարձավ: Փոխարենը ՀՀ կուսակցությունների մասին օրենսդրության  պահանջած նվազագույն թվից մի քանի անգամ պակաս  թվով անդամներ ունեցող ուժի ղեկավարն իր թերահավատությունն արտահայտեց տասնյակ հազարավոր անդամներ ունեցող կուսակցությունների առիթով. «Հայաստանը փոքր երկիր է: Ուստի  անդամության այդ ցուցակներն  անվերջ չի կարելի գրել»: Պարզվում է, որ արմենական-ազատական ռամկավարների համար քաղաքական դաշտը դեռեւս  «ստեղծված» չէ. «Դեռեւս չկա այն դաշտը, որտեղ մենք ենք ուզում տեղավորվել: Մենք դեմոկրատական մտածողությամբ ընդդիմադիր ենք»: ԱՌԱԿ ղեկավարը նաեւ  անդրադարձավ երկու օր առաջ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքող առեւտրականների, ոստիկանների եւ պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին եւ այդ քայլը դատապարտեց. «Մեր ոստիկանությունը չի փոխվում, եթե մենք պրոֆեսիոնալ ոստիկաններ ունենայինք, մարտի 1 տեղի չէր ունենա: Մինչդեռ նաեւ այդ միջադեպով տեսնում ենք, որ ոստիկանությունը ջանք չի թափում փոխելու համար իր իմիջը»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս