Սերժ Սարգսյանը վերջնականապես փակեց իր խոստացած նոր ատոմակայանի կառուցելու թեման. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետներին: Ընդգծելով, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը, Ս. Սարգսյանը հայտարարել է. «Նախատեսվում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչեւ 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում: ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին եւ այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը»:

Փաստորեն, իր այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը վերջնականապես փակեց իր նախագահության օրոք խոստացած նոր ատոմակայանի կառուցելու թեման: Հիշում եք` սա Սերժ Սարգսյանի առանցքային ծրագրերից մեկն էր. իր պաշտոնավարման ամենասկզբում` 2008թ. հոկտեմբերին, նա ԱԺ ուղերձում, ի լուր համայն հայության, հայտարարել էր, թե «…ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան- Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Միայն թե այս խոստումներն այդպես էլ մնացին օդում կախված. այդ ելույթին հաջորդած «առաջիկա ամիսների» ընթացքում փորձ անգամ չարվեց նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ: Ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր ակնարկել, թե Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը կարող է սկսվել 2022-2023թթ: Բայց, փաստորեն, Սերժ Սարգսյանը խոսում է ՀԱԷԿ-ը մինչեւ 2027թ. շահագործելու մասին եւ հասկացնում, որ իր պաշտոնավարման ընթացքում այս ծրագրի իրագործման մասին պետք է մոռանալ:

Միայն թե լավ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը գեթ մեկ անգամ պարզաբաներ, թե ինչու 2008թ. հոկտեմբերի 2-ին հաջորդած 108 առաջիկա ամիսների ընթացքում չսկսվեց ատոմակայանի կառուցումը, ինչը խանգարեց ծրագրի իրականացմանը: Իսկ միգուցե այդ ծրագիրն ի սկզբանե էր անիրագործելի, եւ այդ մասին խոսելը պոպուլիզմ էր: Ո՞վ գիտի:




Լրահոս