Համայնքի ղեկավարը ոստիկան է ծեծել ու չի դատապարտվել. ՀՀԿ-ական թեկնածուի անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոեյմբերի 5-ն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, որ Եգեղիսը խոշորացված համայնք է, որի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածու՝ Շատին համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը, Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Արմեն Սեդրակյանը, Քարագլուխ համայնքի նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը եւ Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը:

Շատին համայնքի բնակիչների ահազանգը

ՀՀԿ-ն այս ընտրություններում պաշտոնապես սատարում է Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, որը բավականին ուշագրավ կենսագրություն ունի: Նրա գործունեության մասով Շատին համայնքի բնակիչները աղմկահարույց մանրամասներ են հրապարակել համացանցում:
Մասնավորապես Շատին համայնքի բնակիչ Ժաննա Զաքարյանը կոչով դիմել է ՀՀ ուժային կառույցներին` ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, որ իրավիճակին ուշադրություն դարձնեն. «Մեր համայնքի ղեկավարն աշխատում է դպրոցում շաբաթական 5 օր, եթե դաս ունի, չի հաճախում 5 օրն էլ:Դասամատյանները լրացնում է ուսմասվարը, սակայն տնօրենը աշխատավարձ պահելու կամ դիտուղություն անելու իրավունք չունի: Այս առումով կրթության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Դատվածություն ունեցողը դասավանդի դպրոցո՞ւմ: Պահակին՝ 40-50 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդուն, որը ընդամենը դեղի գումար էր ստանում, ազատել է ու պահակ է տվել իր ընկերոջ եղբորը: Գյուղի ներքեւի մասում խանութ են կառուցում, հաստատ բյուջեի գումարներով, մինչեւ վերջ գնալու եմ, տեսնեմ, թե ո՞վ է այդ խանութի ֆինանսավորման հեղինակը, ո՞վ է ներդրում անողը, 5 ամիս անց, ինչ գյուղապետ նշանակվեց, նոր մեքենա է գնել: Դիմել ենք իրավապահ մարմիններին, բայց իրավական գնահատական չեն տվել: Ոչ մեկին հաշվետու չեն՝ ինչ գործ ունի գյուղում գողն ու գողականը, այդ կրիմինալը: Այսպիսի իրավիճակ է, ում հետ ոնց ուզում են, խոսում են, ում ուզեն, ծեծի կենթարկեն, ինչպես ուզեն, կվարվեն, որքանով է գյուղի մարդուն, աշխատող մարդուն դա պետք: Մեզ խաղաղություն է պետք»:

Ինչ կրիմինալ անցյալ ունի ՀՀԿ-ի թեկնածուն

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ի թեկնածուն բավականին հետաքրքիր քրեական անցյալ ունի: Մասնավորապես նա 2002 հուլիսի 9-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 208 պրիմ 1 հոդվածով եւ 109-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել եւ դատվածությունը մարվել է: Նախկին հոդվածի ձեւակերպումը այսպիսին է՝ ՀՈԴՎԱԾ 208.1. ՄԻԼԻՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՀԱՍՑՆԵԼԸ, ՀՈԴՎԱԾ 109. ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԵԹԵՎ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ:

Բայց հանցավոր դրսեւորումները շարունակվել են նրա կողմից: Մասնավորապես 2008 թվականին Տիգրան Մելիքի Խուդոյանին ծեծի հատկանիշներով մեղադրանք է առաջադրված եղել: Նա մայիսի 19-ին Շատին գյուղ տանող ճանապարհի ձախ մասում գտնվող բենզալցակայանի տարածքում, համագյուղացի Դավիթ Բաբայանի եւ Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանի միջեւ վիճաբանությանը միջամտել է եւ գլխով հարվածել Մամիկոն Սմբատյանի դեմքին: Իրավապահները քննել են գործը, ուղարկել դատարան, սակայն մինչեւ դատաքննությունը սկսվելը, տուժող Սմբատյանը եւ ամբաստանյալ Տիգրան Խուդոյանը «բարիշել են» եւ դիմում ներկայացրել դատարան՝ խնդրելով քրեական գործի վարույթը կարճել: Դատարանը կարճել է գործը:

Բայց երկու անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տիգրան Խուդոյանը 2011 թվականին էլ ոստիկանների նկատմամբ է բռնություն գործադրել: Մարտի 22-ին Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Մայիս Մուրադյանը եւ Շատին գյուղի բնակիչ Ռաֆիկ Մուրադյանը խուլիգանություն են կատարում, եւ դեպքի վայր է մեկնում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, բերման ենթարկում Մայիս Մուրադյանին եւ դեպքի վայրում գտնվող Հակոբ Հովհաննիսյանին, Անդրեյ Գրիգորյանին, Արման Խուդոյանին:

Սակայն Տիգրան Խուդոյանին բարկացրել է ոստիկանների հանդգնությունը, որ ականատես եղբորը դեպքի վայրից բերման են ենթարկել: Նա Շատին-Եղեգնաձոր ավտոճանապարհին լուսային ազդանշաններով կանգնեցրել է բերման ենթարկվողների ավտոմեքենաները, վիճաբանության մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ` խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելուն: Տիգրան Խուդոյանը շուրջ 15-20 րոպե տեւողությամբ քաշքշել, հրել, հայհոյել եւ դիտավորությամբ հարվածլ է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներ Հրազդան Կոստանյանին, Արթուր Հակոբյանին, Անդրանիկ Սիմոնյանին, Նվեր Սահակյանին, Հրազդան Կոստանյանին եւ Նվեր Սահակյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դիմել է փախուստի:
Այս արարքի համար Խուդոյանին ծեծի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, բայց ավելի ուշ խորհրդավոր հանգամանքներում գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀԿ-կան թեկնածուն՝ իր մասին

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Տիգրան Խուդոյանի հետ:

-Պարո՛ն Խուդոյան, Շատին համայնքի բնակիչները Ձեր գործունեության հետ կապված կոչով դիմելն են ուժային կառույցներին: Փաստորեն դպրոցում դաս եք տալիս, բայց չեք ներկայանում դասի:

-Դպրոցում դասավանդում եմ մաթեմատիկա եւ երկրաչափություն, Շատին համայնքի ղեկավարն եմ ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում դասավանդում եմ բարձրագույն մաթեմատիկա: Նախ շաբաթվա մեջ երեք օրը ես դասաժամեր ունեմ Շատինի միջնակարգ դպրոցում, մեկ օրը չունեմ, չէ, կներեք, 4 օրն ունեմ, մեկ օրը չունեմ, չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, ներողություն, որպեսզի բառերս ճիշտ լինի, երկու օր չունեմ, երեք օր դասաժամեր ունեմ, կարող եք այցելել, նայել: Ապա այն երկու օրը, որ չեմ գնում դպրոց, քանի որ դասաժամեր չունեմ, գնում եմ հաալսարան՝ դասավանդելու: Ինչ վերաբերում է Զաքարյան Ժաննային, նա երեք տարի աշխատել է Շատինի միջնակարգ դպրոցում եւ փոխարինել է հղիության արձակուրդի մեջ գտնվող մեկ այլ ուսուցչուհու: Երբ այդ ուսուցչուհին վերադարձավ արձակուրդից, Ժաննան, բնականաբար, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ պետք է լքեր դպրոց եւ այդ ամենը կապեց իմ անձի հետ, թե իբր ես եմ արել, որ նա դուրս է եկել:
Ավելին ասեմ՝ Ժաննա Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իբր թե օրենքով նախատեսված Շատին համայնքի բնակիչները ստացել են սոցօգնություն, այս սոցօգնությունները չեն տրվել մարդկանց: ՀՀ քննչական կոմիտեն իրականացրեց քննություն եւ որեւէ անօրինականություն փաստաթղթերի մեջ չբացահայտեց:

-Իսկ դպրոցի պահակին ինչո՞ւ եք աշխատանքից ազատել ու Ձեր ընկերոջ եղբորն ընդունել տվել:

-Այնքան ծեծված հարց է, որ կարող եք չշարունակել: Երկու պահակները արդեն երեք տարի թոշակի անցած մարդիկ էին, եւ նրանց այլ մարդիկ են փոխարինել: Ես այդ ամենի հետ որեւէ առնչություն չունեմ:

-Մարդիկ ասում են, որ դատվածություն ունեցողը, կրմինալը, ոստիկան ծեծողը դպրոցում չպետք է դասավանդի երեխաներին:

-Կրիմինալ պատմությունը ո՞րն է, սահմանումը պետք է լինի որոշակի: Ի՞նչ է նշանակում կրիմինալ պատմություններ :

-Դուք մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում եք. 2002 թվականին ազատազրկման եք դատապարտվել՝ զինվորականին կամ ոստիկանին վիրավորանք հասցնելու համար, հետո Շատին համայնքի նախկին ղեկավարին եք ծեծել, հետո ոստիկաններ եք քաշքշել, հարվածել, հայհոյել: Սա կրիմինալ մարդու վարքագիծ չէ՞:

-Ես ոստիկան չեմ ծեծել, դատական ակտը կվերցնեք, կնայեք: Ըստ Ձեր սահմանման՝ նա, ով մտնում է դատարան, կամ իր նկատմամբ դատական ակտ է կատարվում, կրիմինալ մա՞րդ է համարվում :

-Բայց Դուք մեկ անգամ չեք հայտնվել:

-Նիկոլ Փաշինյանը կրիմինալ մա՞րդ է:

-Ո՛չ, նա քաղբանտարկյալ է եղել, Դուք Ձեր մասին գնահատական տվեք:

-Այսինքն՝ ում վրա ՀՀ օրենքը կիրառվում է, նա կրիմինալ անձ է: Մտնենք Երեւանի պետական համալսարանի պաշտոնական կայքէջ՝ մաթեմատիկայի ֆակուլտետ, եւ կկարդաք իմ հրապարակած հոդվածները: Հիմա իմ հետ խոսում եք, ո՞նց եք պատկերացնում՝ կրիմինալի բովանդակություն ունե՞մ:

-Փաստ է, որ իրավապահները Ձեզնով շատ են զբաղվում:

-Երբեմն երբ մարդ արդարությունը բարձր է զգում, հայտնվում է ինչ-որ ֆոկուսային իրավիճակում: Անցանք առաջ:

-Այսինքն՝ արդարության մղումո՞վ եք ազատազրկման դատապարտվել 2002 թվականին:

-Ես ազատազրկման չեմ դատապարտվել:

-Դատավճիռ կա:

-Ես 2002 թվականին ուսանող եմ եղել, ոնց կարող եմ դատապարտված լինել: Դատական ակտ է կիրառվել, բայց դա չի նշանակում, որ ազատազրկման եմ դատապարտված եղել:

-Ու այսքանից հետո Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը Ձեզ են սատարում: Ինչպե՞ս են օգնում Ձեզ՝ որպես թեկնածուի:

-Դուք մի քանի րոպեն որ խոսեցիք, պետք է հասկանայիք՝ ում հետ էիք խոսում: Հարցը հասկանալի է, ե՛ւ Վայոց ձորի մարզպետը, ե՛ւ ԱԺ պատգամավորը հանդիսանում են Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, որի անդամ եմ նաեւ ես: Որպես համակուսակիցներ, որպես համախոհներ՝ իրենք իրենց աջակցությունը կարող են հայտնել, իմ թիկունքին կանգնած է ժողովուրդը, եւ հուսամ՝ Ձեզ մոտ այն կարծրատիպը, որ ես կրիմինալ եմ, այլեւս չկա:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս