ՄԻ ԳՐՊԱՆԻՑ ՄՅՈՒՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների դժգոհություններին կառավարությունն իբր ընդառաջ գնաց եւ արեց մի քայլ, որից  Գյումրիում բոլորն են դժգոհում: Սա նման է պարտքով փող տալուն. մի գրպանից պետությունը հանում է, դնում մյուս գրպանը:  Դեռ ավելին, անտոկոս վարկերը տրամադրվելու են ոչ բոլորին՝ մինչեւ 2005 թվականի արտադրության եվ մինչեւ 5 միլիոն դրամը չգերազանցող մեքենաների տերերին: Դա նշանակում է, որ Հայաստանում վրացական համարներով ավտոմեքենաների վարորդների առնվազն10 տոկոսը կարող  է  օգտվել այդ առաջարկից: Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզում վրացական պետհամարանիշերով 657 մեքենա կա հաշվառված, որից  586-ը կստանա անտոկոս վարկեր: ՇՄ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշեց հետեւյալը. «Անցած 5 օրերի ընթացքում 361 ավտոմեքենատերեր են եկել, հաշվառվել, ծանոթացել վարկերի տրամադրման կարգին, բայց նրանցից ընդամենը 24-ն է մարզպետարանի հետ անտոկոս վարկ ստանալու համար պայմանագիր կնքել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարան եկած վարորդները դժգոհում էին, որ առայժմ սահմանափակվում են հետաքրքրվելով, գործնական քայլերի չեն դիմում այն պարզ պատճառով, որ իրենք իշխանություններից պահանջել են ոչ թե պարտքով փող տալ, այլ իջեցնել գները: «Վարչապետն իբր լավություն է անում, ասում է` անտոկոս փող ենք տալիս, բայց դա մեզ պետք չէ: Անում են էնպես, որ ստիպված ասես` հա, կմաքսազերծեմ, ու կրակը ընկնես: Բա որ վերցնեմ վարկը ու չկարողանա՞մ վճարել, էդ դեպքում ավտոս էլ կկորցնեմ»,- ասում է վարորդ Սերգեյ Անտոնյանը: Վարկերի մարման համար սահմանված ժամկետն ընդամենը 6 ամիս է:  Կառավարության տրամադրած կարճաժամկետ վարկը շատերին է խանգարում օգտվել դրանից: Բացի այդ, վարորդը սեփական մեքենան է գրավ դնելու, ինչն  իր հերթին հավելյալ խնդիրներ է առաջ բերում:  «Ես իմ ավտոս օտարելու, արտասահման ուղեւորվելու իրավունք չեմ ունենա: Դա աբսուրդ է: Մենք պահանջում ենք, որպեսզի վարչապետը մի հատ վերանայի իրանց  որոշումները»,-շեշտեց վարորդ Սարգիս Ավետյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե անգամ համաձայնի մաքսազերծել մեքենան, ապա ստիպված պիտի մեկնի արտագնա աշխատանքների: «Վարչապետը մեզի իրանց տեղն է դրել ու իրանց օլիգարխների: Կսե` ավտոները թանկարժեք են, թող վճարեն: Հարգելի՛ վարչապետ, իմ ավտոս թանկարժեք չէ, 2000 դոլարանոց է: Եթե կգտնիս, օր թանկ է, բե՛ր, քու ավտոդ ի՛նձ տուր, իմս քեզ տամ»,-նշեց վարորդ Արա Գրիգորյանը: Շիրակի մարզպետարանում հույս են հայտնում, որ այն վարորդները, որոնք  մաքսազերծման փաստաթղթերով գալիս են մարզպետարան, հետաքրքրվում, ծանոթանում են պայմաններին ու դարձյալ հեռանում, առաջիկայում կհասկանան, որ այլ ելք չունեն, ու ստիպված կառավարության առաջարկին ընդառաջ կգնան:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս