Աչաջուր համայնքի ավագանու անդամի գրավը չի վերադարձվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ այդ հանձնաժողովում բողոքներ չեն ստացվել:

Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանն էլ հայտնեց, որ Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ Տաթեւ Գասպարյանը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած բողոքում խնդրել է Աչաջրի ընտրական 2 տեղամասերից մեկում` 37/03-ում քվեների վերահաշվարկ կատարել: Նա դա պատճառաբանել է նրանով, որ ընտրությունների ժամանակ օգտագործված տեխնիկական սարքի ցույց տված ընտրողների քանակը 1-ով պակաս է եղել այդ սարքի թողարկած կտրոնների թվից: Գ. Աբովյանի տեղեկացմամբ՝ տարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է այդ տեղամասում քվեների վերահաշվարկ կատարել: Սակայն այդ վերահաշվարկը դժվար թե անդրադառնա Աչաջրում քվեարկության արդյունքների վրա, քանի որ համայնքի ղեկավարի թեկնածուների ստացած քվեների տարբերությունը մեծ է:

Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններում անհատ ձեռներեց, ՀՀԿ անդամ 1978թ. ծնված Կարեն Ղալթախչյանը ստացել է 952 ձայն, 2013 թվականից Աչաջուր համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ, 1957թ. ծնված Կամո Ղալթախչյանը` 623, 1996-1999թթ. Աչաջուր համայնքը ղեկավարած, ՀՀԿ անդամ, 1967թ. ծնված Տաթեւ Գասպարյանը` 557, Աչաջուր համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ անդամ, 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը` 114 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 38: Սեւադա Ղուկասյանն իր մուծած 150 հազար դրամ ընտրական գրավը ետ ստանալու համար պետք է ստանար քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի 5 տոկոսի չափով քվեներ, Աչաջրում քվեարկությանը մասնակցել է 2284 ընտրող, որի 5 տոկոսը կազմում է 114.2: Սեւադա Ղուկասյանը քվեարկության արդյունքում ստացել է 114 քվե, նրան ընդամենը 0.2 տոկոս քվե չհերիքեց իր մուծած ընտրական գրավը ետ ստանալու համար: Սակայն Ս. Ղուկասյանը ձայների վերահաշվարկ կատարելու համար չի դիմել թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողով: Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14-ին, Նոյեմբերյան քաղաքում՝ թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովում, կսկսվի Աչաջրի 37/03 տեղամասում քվեների վերահաշվարկ, որը, սակայն, ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս