Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկա գտնվեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում գույքի հանձման արարողությանը:
Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրելվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:
Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակով ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին արդեն տրամադրվել էին «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակները:
Գույքի երկրորդ խմբաքանակը ներառել է երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, մեկական մեքենաներ՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, դեպքի վայրոււմ լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ:
Օրերս հումանիտար արձագանքման կենտրոնում փորձարկվել էին նաև 8 կվադրոցիկլները, որոնք Հայաստանին էին տրամադրվել նույն պայամանավորվածության շրջանակում, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում էին կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով կվադրոցիկլների կարողություններին և բնութագրին: Ամենագնաց կվադրոցիկլները նախատեսված են բարդ ռելիեֆային պայմաներում, ճահճուտներում, ձյունածածկ և դժվարանցանելի տեղանքներում փրկարարների և գույքի արագ տեղափոխման և արձագանքման համար:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը նշեց, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորների նոր խմբաքանակը կհասնի կենտրոն՝ ներառելով ինչպես հրշեջ-փրկարարական տեխնիկա, այնպես էլ՝ համապատասխան հանդերձանք: