«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների կյանքի՝ քչերին հայտնի դրվագների, վերջիններս անկեղծանում են, կատարում են խոստովանություններ։
Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ռիփփին է։
Նա առաջին անգամ համեմատաբար լուրջ սիրահարվածություն ունեցել է 22 տարեկանում, իսկ մինչ այդ ունեցած սիրահարվածությունների մասին նույնիսկ չի էլ հիշում. «22 տարեկանում ունեցածս զգացմունքները կառանձնացնեի, բայց հետադարձ հայացք նետելով դեպի այդ ժամանակներ՝ կարող եմ ասել, որ դա էլ շատ լուրջ չէր։ Այդ ժամանակ ես տարված էի իմ կարիերայով, իմ գործնական կյանքում բավական բուռն էտապ էր, ես հետաքրքրված էի լրիվ ուրիշ բաներով։ Երեւի դա էր պատճառը, որ մեր հարաբերությունները չշարունակվեցին»,- պատմեց երգչուհին՝ հավելելով, որ հիմա այդ տղայի հետ շփում չունի։
Նա կատակով նշեց, որ ամենամեծ սերը տածում է կենդանիների նկատմամբ. «Փոքր ժամանակ միշտ երազել եմ շուն ունենալ, եւ հայրս նվիրեց ինձ շնիկ, ամենամեծ սերս նա է եղել (ծիծաղում է)»։
Կան կանայք, որոնք ասում են, որ իրենց կողքին միշտ պետք է տղամարդ լինի, այնինչ՝ Ռիփփին նրանց թվին չի պատկանում. «Ես ինձ կանվանեմ կարիերիստ, շատ եմ սիրում իմ գործը։ Եթե պասիվ կերպով աշխատեմ, բայց կողքիս տղամարդ լինի, ես կնեղվեմ դրանից։ Ինձ համար ավելի կարեւոր է աշխատանքը։ Պետք է կարիերան չզոհեմ անձնականիս, որ հանգիստ լինեմ»,- շեշտեց Ռիփփին։
Հարցին, թե ինչ հատկություններով օժտված տղամարդիկ են հայտնվում իր ուշադրության կենտրոնում, Ռիփփին պատասխանեց. «Ինձ միշտ գրավում է տղամարդու ինտելեկտը, ուժը։ Ամենակարեւորը՝ նա պետք է լավ մարդ լինի»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հեշտ է արդյոք երգչուհին ընտրում իր կողքի տղամարդուն. «Ո՛չ, շատ դժվարությամբ եմ ընտրություն կատարում, տարիների ընթացքում է՛լ ավելի բծախնդիր եմ դարձել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը։
Իսկ հարցին, թե կցանկանար արդյոք, որ Ամանորին Ձմեռ պապիկն իրեն երկրորդ կեսին գտնելու հնարավորություն տար, երգչուհին խոստովանեց. «Անկեղծ ասած՝ արդեն ուրիշ ցանկություն եմ պահել՝ կապված գործնականի հետ։ Իսկ այդ մասին չէի մտածել, բայց հիմա արդեն կմտածեմ»։
Աննա Բաբաջանյան