ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԻԱՇՈՒԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ եվրոպական երկրներից դեպի Վրաստան ինքնաթիռի տոմսերը երբեմն մինչեւ կիսով չափ ավելի էժան են, քան դեպի Հայաստան չվերթների դեպքում, վաղուց հանրահայտ փաստ է: Այս տեսանկյունից ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ բավական բարդ խնդրի առջեւ էր հայտնվել. նա խորհրդարանում ներկայացնում էր ավիացիայի ոլորտի վերաբերյալ «Ելք» խմբակցության գրավոր հարցապնդմանը կառավարության կողմից տված պատասխանը:

Բնականաբար, Վաչե Գաբրիելյանը հավաստիացրեց, թե իբր Վրաստանի եւ Հայաստանի ավիացիոն շուկայի տարբերություններն այդքան էլ վատ չեն, դեպի Երեւան չվերթների տոմսերի գները նվազում են, ու այսպես շարունակ: Սակայն իրականությունն այլ է. այն տեսանելի է դառնում, երբ համեմատում ենք Երեւանի «Զվարթնոց» եւ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանների տվյալները: Այսպես՝ կառավարության պատասխանին կից ներկայացված «Զվարթնոց» օդանավակայանի՝ հոկտեմբերի չվացուցակից տեղեկանում ենք, որ անցած ամիս դեպի Երեւան շաբաթական իրականացվել է 206 չվերթ, որը իրականացնում են 25 ավիաընկերություններ, որոնցից 6-ը ռուսական ավիաընկերություններն են: Նշված չվերթներից 110-ը, այսինքն՝ ավելի քան կեսը, իրականացնում են հենց ռուսական ավիաընկերությունները: Ավելին՝ ռուսական ավիաընկերությունների չվերթներից 81-ը իրականացվում են մեկ ուղղությամբ՝ դեպի Մոսկվա: Այլ կերպ ասած՝ Երեւանի օդային կապը աշխարհի այլ երկրների հետ անցնում է Մոսկվայով: Ռուսական ավիաընկերությունների կողմից իրականացվող մնացած 29 չվերթները իրականացվում են դեպի ՌԴ 7 քաղաքներ: Հայկական միակ փոխադրողը՝ «Արմենիա ավիաընկերությունը», դեպի Մոսկվա ոչ մի չվերթ չի իրականացնում: Իսկ ավիաընկերության զարգացման համար Մոսկվայի ուղղությունը առանցքային նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն կտար եվրոպական ավիափոխադրողների հետ համագործակցելով՝ Եվրոպայից դեպի Հայաստան եկող ուղեւորներ փոխադրել, ինչպես դա անում է ռուսական «Աերոֆլոտը»: Հայաստանի ավիափոխադրումների շուկան գնահատվում է տարեկան մինչեւ 500 միլիոն դոլար, որի կեսից ավելին փաստացի գտնվում է ռուսական ընկերությունների տիրապետման տակ: Իսկ հայկական ավիաընկերություն, որպես այդպիսին, մեծ հաշվով գոյություն չունի:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանից, ըստ հոկտեմբերի չվացուցակի, շաբաթական իրականացվել է 430 չվերթ, որից ամենադոմինանտ ուղղությունը եղել է Ստամբուլը՝ 89 չվերթ: Դեպի Ստամբուլ չվերթները իրականացնում են թուրքական երեք ավիաընկերություններ: Փաստացի եվրոպական երկրներից դեպի Վրաստան ուղեւորափոխադրումների զգալի մասը իրականացվում է հենց Ստամբուլի միջոցով: Սակայն թուրքական ավիաընկերությունները պարտադրված են էժան գին առաջարկել, քանի որ մրցակցությունը նրանց պարտադրում է այդ անել: Բանն այն է, որ Թբիլիսից դեպի Մոսկվա եւս չվերթներ են իրականացվում՝ շաբաթական 56 չվերթ, որի կեսը իրականացնում են ռուսական ավիաընկերությունները, իսկ մնացած 28-ը՝ Վրաստանի ազգային փոխադրող «Ջորջիան էյրուես» ավիաընկերությունը: Այսինքն՝ Վրաստանի ազգային փոխադրողը հնարավորություն ունի եվրոպական փոխադրողների հետ համագործակցելով՝ թուրքական ու ռուսական ավիաընկերություններին այլընտրանք առաջարկել՝ մրցակցելով նրանց հետ: Ավելացնենք նաեւ, որ դեպի Թբիլիսի չվերթներ են իրականացնում 29 ավիաընկերություններ, որտեղ ոչ մի երկիր գերակշռող դիրք չունի: Ավելին՝ եվրոպական ավիափոխադրման գիգանտներից մեկը՝ գերմանական «Լյուֆտհանզան», ամենօրյա չվերթներ է իրականացնում դեպի Թբիլիսի՝ այդ կերպ դեպի եվրոպական երկրներ եւս մեկ այլընտրանք առաջարկելով:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից 2013 թվականից կիրառության մեջ մտցված «Բաց երկնքի» քաղաքականությունը ոչ միայն իրեն չարդարացրեց, այլ հակառակը՝ վերջնականապես ոչնչացրեց հայկական ավիաընկերություններին: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայիս պատը՝ Սերգեյ Ավետիսյանը, «Բաց երկնքի» քաղաքականության գաղափարի հիմնական հեղինակն է: 2014-ին, երբ նոր էր անցում կատարվել «Բաց երկնքի» քաղաքականությանը, նա, որպես էկոնոմիկայի փոխնախարար, զբաղված էր այդ ռազմավարության լոբինգով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի արդյունքում արձանագրվեց, որ Վանաձորի ներկա ավագանու գործունեությունն այս տարվա մարտի 31-ից եղել է հակասահմանադրական, քաղաքական դաշտում փաստացի նոր իրավիճակ է ստեղծել:

Հայաստանի երրորդ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության հակասահմանադրական լինելն այլեւս պաշտոնական բնույթ է կրում: Մինչ ՍԴ որոշումը, ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր, որ Վանաձորի ավագանու գործունեությունը հակասահմանադրական է, սակայն այդ պնդումը համարվում էր սովորական քաղաքական հայտարարություն, հետեւաբար իրավական հետեւանքներ չէր պարտադրում:
Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական ճանաչվեց։ Սա այն դեպքում, երբ Վանաձորի 33 հոգանոց ավագանին հենց այդ դրույթի հիման վրա էր 15 հոգով, այսինքն՝ չունենալով մեծամասնություն, նիստեր գումարում: Ինչեւէ, ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեցին նաեւ Վանաձորի ավագանու առաջին իբր թե կայացած նիստի` այս տարվա մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները: ՍԴ-ն իր որոշմամբ ԱԺ-ին ժամանակ է տվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ՀՀ Սահմանադրության հանդեպ օրենքի հակասության փաստը շտկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վանաձորի ավագանին 2-Ն որոշմամբ հաստատել է իր կանոնակարգը եւ ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու եւ ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 303-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 54-Ն որոշումը:
Նույն օրվա 7-Ն որոշմամբ ավագանին հաստատել է Վանաձորի՝ 2017-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը: Իսկ ահա Վանաձորի ավագանու 8-Ն որոշմամբ` հաստատվել է քաղաքի՝ 2017 թվականի տարեկան բյուջեն: Նշենք, որ ավագանու 9-Ն որոշմամբ` հաստատվել է Վանաձորի՝ 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Սակայն նկատենք, որ եթե կառավարությունը եւ խորհրդարանը որեւէ իրավական լուծում չտան ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված իրավական նորմերին, ապա 2018 թվականի մարտի 31-ից Վանաձորի ավագանին կհայտնվի իրավական վակուումի մեջ, իսկ ավագանու կայացրած որոշումներն էլ մեխանիկորեն կդառնան հակասահմանադրական, ասել է, թե այդ կառույցը իր կազմավորման օրվանից չի գործել:
Ուստի այս խնդրի հետ կապված ամենապահանջված հարցն այն է, թե Հայաստանի իշխանությունները երբ են նախատեսում Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնել: ՀՀ ԿԸՀ-ն դեռեւս այս տարվա հուլիսին կայացրած որոշմամբ սահմանել է, որ 2018 թվականի մարտի 11-ին Հայաստանի մարզերում տեղական ինքնակառավարման ընտրություններ անցկացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ՍԴ որոշումից հետո արդյոք իրենք չեն պատրաստվում Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնել: «Ես վերջնական որոշումը չեմ կարդացել, բայց որքան ես եմ տեղյակ, այդ դատական ակտով ընտրությունների թեման ընդհանրապես բարձրացված չէ, վերջնական դատական ակտի հետ ծանոթանալուց հետո նոր մանրամասն կարող եմ ասել, թե ինչպես կվարվենք»,- պատասխանեց Մուկուչյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱԳՈՒՍՏՆ ՈՒ ԿՈՇԻԿԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա հոկտեմբերից Հայաստանի բնակչությունը հագուստի ու կոշիկի համար 8 տոկոսով ավել է վճարում, քան նախորդ ամիսներին: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետությունում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացում է արձանագրվել ոչ միայն պարենային, այլ նաեւ ոչ պարենային շուկայում: Ըստ մասնագետների` հագուստի եւ կոշիկի շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային շուկայում առկա գնաճով:
Օրինակ՝ հագուստի եւ կոշիկի շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 8 տոկոսի գնաճ: Ընդ որում, ե՛ւ հագուստը, ե՛ւ կոշիկը սկսել են թանկանալ օգոստոսից: Միայն հագուստի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 7.3 տոկոսի գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ մանկական հագուստը թանկացել է 7.3, տղամարդկանց հագուստը` 7.1, կանանցը` 7.7 տոկոսով: Թանկացել են նորածինների` 0-2 եւ 3-13 տարեկան երեխաների հագուստները: Ըստ ԱՎԾ-ի` թանկացումից անմասն չեն մնացել նաեւ աքսեսուարները` 7.3 տոկոսով: Բայց կոշիկի շուկայում այս հոկտեմբերին արձանագրվել է ավելի բարձր գնաճ, քան հագուստի շուկայում` 9.4 տոկոսով: Ի դեպ, կանացի կոշիկների գնաճը կազմել է 15.5 տոկոս, իսկ տղամարդկանցը՝ 4.9 տոկոս:
Մնում է հուսալ, որ մեկ ամսից սպասվող Ամանորի տոները միգուցե կնպաստեն, որ հագուստի եւ կոշիկի խանութների ցուցափեղկերին, այնուամենայնիվ, հայտնվեն «զեղչեր» գրությունները: Մյուս կողմից էլ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ այն արհեստականորեն բարձրացվում է, այնուհետեւ զեղչվում: Արդյունքում, գնորդը վճարում է նունքան, որքան նա պետք է վճարեր, եթե չլիներ զեղչի մասին հայտարարությունը, բայց գոհ է մնում, քանի որ կարծում է, թե էժան գնով լավ ապրանք է ձեռք բերել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՑԻՆԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց, որովհետեւ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով իշխանությունը ցույց է տվել, որ ջախջախել է հասարակական կարծիքը, ընդդիմությանը եւ միահեծան կարող է իշխել. «Դրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում եւ ցինիկ է պահում: Երբ ԱԺ-ում այս օրինագիծը քննարկվում էր, ես այնտեղ էի եւ այդպիսի տհաճություն վաղուց չէի զգացել. բոլոր պատգամավորները հաճոյանում էին պաշտպանության նախարարին: Այս ամբողջն ապրիլի 2-ի հետեւանքներն են: Իսրայելում անհնար է՝ վարչապետ կամ նախարար դառնա մեկը, որը չի ծառայել բանակում: Այդ մարդիկ ընդունում են այս օրենքը, որ բոլորը պետք է գնան ծառայելու, եւ այնպիսի ձայնով են խոսում, ոնց որ պատերազմի հերոսներ լինեն»:




Լրահոս