ԱԻՆ հոգեբանական ծառայությունը համալրվեց նորարարական մասնագիտացված գույքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2017 թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին արդեն տրամադրվել է նշանակալի աջակցություն: Օրերս կենտրոնը ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին է փոխանցել մասնագիտացված գույք և սարքավորումներ, որոնք տեղադրելու և կիրառելու համար Ռուսաստանից կհրավիրվեն համապատասխան մասնագետներ:

Մասնավորապես տրամադրվել են.

• աուդիովիզուալ համակարգ՝ նախատեսված անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և դրա վերականգնման համար,
• «Սենսորիում»՝ նախատեսված հոգեհուզական լարվածության թոթափման, ստեղծագործական պոտենցիալի զարգացման, հոգեկան հավասարակշռության վերականգնման համար,
• պոլիգրաֆ՝ նախատեսված հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման, հետազոտվող անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար,
• հոգեֆիզիոլոգիական որակներ չափող սարք՝ նախատեսված անձի ֆունկցիոնալ վիճակի և աշխատունակության, ինչպես նաև՝ անձնային տարբեր առանձնահատկությունների հետազոտության համար,
• կենսաբանական հետադարձ կապի սարք՝ նախատեսված սթրեսային իրավիճակներում օրգանիզմի ֆիզիոլոգիական համակարգերի ֆունկցիաների ոչ դեղորայքային վերականգնման, հարմարողականության և սթրեսակայունության զարգացման համար,
• արոմա-ֆիտոթերապիայի սարք՝ նախատեսված հոգեհուզական լիցքաթափման և վերականգնման համար,
• մերսող բազկաթոռներ՝ նախատեսված մկանային համակարգի թուլացման, լարվածության թոթափման, կենսական տոնուսի բարձրացման համար,
• բիոռիթմաստիմուլյացիայի սարք՝ նախատեսված զգայական ռելաքսացիայի, հոգեբանական և ֆիզիկական լիցքաթափման համար: Այն նաև արդյունավետ է սթրեսային իրավիճակների հանդեպ կայունության զարգացման համար:

Հոգեբանական աջակցության բաժնին են տրամադրվել նաև համակարգիչներ և տպիչ սարքեր: Նման տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա առավել զարգացնել Հոգեբանական աջակցության բաժնի աշխատանքներն արագ արձագանքման, հոգեախտորոշիչ և վերականգնողական ուղղություններով:

2014 թ. ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացված հոգեբանական խորհրդատվական ծառայության առաջնային նպատակն է քաղաքացիներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:




Լրահոս