Միջազգային հանրությունը բաց տեքստով հասկացնում է՝ իրենք ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ վաղուց եկել են համաձայնության. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները հետաքրքիր էին: Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դրական են գնահատում իրենց վերջին հանդիպումը, Լավրովը հայտարարել է, թե հակամարտության կողմերի միջեւ առկա է երկխոսություն, որը, սակայն, դեռ լուրջ առաջընթաց չի ապահովում կարգավորման գործընթացում:

ՌԴ ԱԳ նախարարն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում: Նոյեմբերին Երեւան այցի ժամանակ էլ նա ասել էր. «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, եւ հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտեւի»: Հիմա նույն միտքը՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ, Լավրովը կրկնել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած ասուլիսում: «Շարունակելու ենք ջանքեր գործադրել այն ուղղությամբ, դեպի ուր տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոլեկտիվ մոտեցումները: …Այն իր մեջ ներառում է կարգավորման սկզբունքները, որոնք ընդունել են կողմերը, բայց դեռ չեն տեղափոխել պրակտիկ գործողությունների դաշտ: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբավել»,- ասել է Լավրովը:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՌԴ-ն, ըստ էության, նախաձեռնողականություն է ցուցաբերում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, Լավրովի հայտարարությունները պատահական չէին: Ընդ որում, նա այս հարցով պատասխանատվությունը դնում է հենց ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների վրա՝ շեշտելով, որ կողմերն իրենք խնդրի կարգավորման սկզբունքները դեռ չեն տեղափոխել պրակտիկ գործողությունների դաշտ:

Ավելին՝ նման շեշտադրումներ առկա էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Այն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները, սակայն շեշտում ենք՝ ԼՂ հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա է»:

Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությունը բաց տեքստով հասկացնում է՝ իրենք խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ վաղուց եկել են համաձայնության, եւ հիմա որոշում ընդունելու հերթը հակամարտող կողմերին է, եւ իրենք են պատասխանատու ստեղծված իրավիճակի ու դրա հետեւանքների համար:




Լրահոս