ՀՀ կառավարության շենքի առջեւ «Ժառանգություն» կուսակցության անդամների եւ ոստիկանների միջեւ մարտի 3-ին տեղի ունեցած բախման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ոստիկանապետին հանձնարարել է ծառայողական քննություն սկսել` միջադեպի հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Վարչապետի նման արձագանքը կարելի է համարել միանգամայն օրինաչափ եւ տեղին: Ավելին, հայաստանյան իրականությունից հեռու գտնվող մարդուն կարող է անգամ թվալ, թե մեր երկրում գոյություն ունեն օրենք եւ այդ օրենքն ի կատար ածելու ցանկություն ունեցող իշխանություն:Մինչդեռ առանց սխալվելու մտավախության կարելի է պնդել, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասի մոտ վարչապետի վերոնշյալ հանձնարարականն ուղղակի քմծիծաղ է առաջացրել: Իսկ դրա պատճառն այն է, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիներն արդեն հասցրել են ծանոթանալ եւ ըստ արժանվույն գնահատել Տիգրան Սարգսյանի` իբրեւ կառավարության ղեկավարի անբեկանելի սկզբունքայնությունն ու բարձրաձայնած խնդիրների լուծման անշեղ հետեւողականությունը: Հարգարժան վարչապետի նշված հատկանիշներն ակնհայտ դարձան դեռեւս 2008թ-ին, երբ նա դարձյալ հանձնարարեց ծառայողական քննություն սկսել պարզելու համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` դպրոցահասակ երեխայի ծեծելու եւ ծնոտը կոտրելու մասին թերթերից մեկի հրապարակած լուրի իսկությունը: Վարչապետը հրապարակավ խոստացավ պարզել իրականությունն ու պատժել մեղավորներին: Արդյունքում` ոչ ոք այդպես էլ չպատժվեց: Իսկ այն փաստը, որ լուրը տպագրած թերթն անգամ իր վերջին էջերում գոնե մի փոքրիկ հերքման տեքստ չտպագրեց, ցույց տվեց, որ թերթի տեղեկատվությունը հարյուր տոկոսով ճիշտ էր` այդպիսով բացահայտելով նաեւ հարգարժան վարչապետի` սեփական խոսքի համար սահմանած, ավա~ղ, այդքան ցածր «փոխարժեքը»:Հետագա տարիների ընթացքում վարչապետի տարբեր հանձնարարականների իրագործման ընթացքը ցույց տվեց, որ Տիգրան Սարգսյանի խոսքն արժեզրկվում է ավելի արագ, քան հայրենի դրամը, որի փոխարժեքի անկումն այդքան ցավալի էր տանում ԿԲ նախկին նախագահը: Բավական է հիշել նրա այն հայտարարությունը, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստանը կշրջանցի: Վարչապետը` որպես ֆինանսիստ, մինչ օրս էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տվել իր խայտառակ, ձախողված կանխատեսման համար, ինչպես նաեւ դրան հետեւած տնտեսական անկման, ապա աճի մասին երբեք չիրականացած հաշվարկների համար: Իսկ Դիլիջանը բանկային կենտրոն, Գյումրին էլ տեխնոպարկ դարձնելու նրա խոստումներն այսօր արդեն ընկալվում են իբրեւ անհաջող կատակ:Եվ ուրեմն, ի՞նչ կարելի է սպասել Տիգրան Սարգսյանի` ոստիկանապետին տրված հանձնարարականից: Ըստ էության` ոչինչ: Քանի որ վարչապետի` մինչ այդ իրականացրած բոլոր քայլերում գերիշխում է բացառապես ձեւը, իսկ էությունն, իբրեւ այդպիսին, բացակայում է:
ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ` ՈՉԻՆՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ