«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի պատվիրակության կազմի հետ մեկնել է Հնդկաստան: Մեր հարցին` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը ընդգրկվե՞լ է մեկ այլ պետական, դարձյալ հարկատուներիս հաշվին գործող կառույցի պատվիրակության մեջ, թե ոչ, անհայտ մնաց, որովհետեւ ԱԽՔ մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը խորուրդ տվեց դիմել կուսակցություն` ասելով, որ չգիտի` կուսակցության կազմում ով ուր է գնացել: Իսկ կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ ԱԽՔ հարցերով ինքը իրավասու չէ պատասխանել: «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ Հեղինե Բիշարյանին, որը, վերցնելով հեռախոսն, ասաց. «Ես երկրում չեմ, հետո՛ զանգահարեք», իսկ երբ հարցրինք` «Երեւի Հնդկաստանո՞ւմ եք, հա՞», որոշ պաուզայից հետո պատասխանեց` ոչ: Տեղեկատվությունը ճշգրտելու համար զանգահարեցինք նաեւ Հովհաննես Մարգարյանին ու Իշխան Խաչատրյանին, բայց նրանք անհասանելի էին: Գուցե նրանք է՞լ էին Հնդկաստանում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ