ԺԱԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում կայացած գյուղապետի ընտրությունները չեղյալ են հայտարարվել, հաջորդ ընտրությունները նշանակված են մարտի 27-ին:Առավոտյան «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Դարանակ գյուղում ընթացող գյուղապետի ընտրությունները շատ լարված են անցնում, որ քվեաթերթիկները սահմանված թվից քիչ են ստացվել եւ այլն: Տեղեկացանք նաեւ, որ ընտրությունների ընթացքը տնօրինում էր ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը` իր թիկնապահների հետ միասին, որոնք` որպես դիտորդներ, ներխուժել էին ընտրատեղամաս:Պարզեցինք, որ 122 ընտրող ունեցող այդ գյուղում ստացել են 124 քվեաթերթիկ: Բայց այս թվերը փոխվել էին մի քանի օրվա ընթացքում, քանի որ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վլադիմիր Սարկիսյանն ու մյուս ՀՀԿ-ական Վահան Մարգարյանը, որին սատարում է ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, զանազան եղանակներով 181 մարդ են տարբեր շրջաններից բերել եւ պարտադրաբար գրանցել Դարանակում: Վարդենիսի Դարանակ գյուղի գյուղապետի համար պայքարում էր նաեւ Գյուլնազ Գրիգորյանը:«Ժողովուրդ»-ը գյուղապետի ընտրությունների թեմայով զրուցեց Սպարտակ Մելիքյանի հետ:-Պարո՛ն Մելիքյան, մեր թղթակիցն արձանագրել է, որ կանգնել եք եւ Ձեր թիկնապահների միջոցով խոչընդոտում եք մարդկանց ընտրական իրավունքը:-Չեմ խոչընդոտում: Գործող գյուղապետը դրել ա, 40 հոգու տարբեր գյուղերից բերել, գրանցել ա, եւ դրա հաշվին ուզում էր ընտրվել գյուղապետ, մենք էլ օգնում ենք, որ մինչեւ գյուղի փաստացի բնակիչները չմտնեն ընտրատարածք, ուրիշ ոչ մեկ չմտնի:-Դուք ի՞նչ կարգավիճակով եք գյուղ մեկնել: Ո՞ր թեկնածուին եւ ո՞ւմ անունից եք պաշտպանում:-Ոչ մեկին էլ չեմ պաշտպանում: Ինձ համար կարեւոր ա, որ գյուղի բնակչությունը իրենք ընտրության մասնակցեն:-Իսկ Դուք այդ գյուղի հետ ի՞նչ կապ ունեք:-Ո՞նց ինչ կապ ունեմ: Մեր ժողովուրդը չե՞ն:-Բայց շատ ընդգծված եք մտածում հենց այդ գյուղի մասին:-Մենք ցանկացած գյուղի հետ էլ կապ ունենք:-Իսկ Դուք ինչո՞ւ եք թիկնապահներով շրջում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բոլորը պետք է վերացնեն «հաստավզերի» հետ շրջելու պրակտիկան:-Իսկ ո՞վ է ասել, որ ես թիկնապահներով եմ շրջում:-Դուք եւ Ձեր թիկնապահները ընտրատեղամասի դիմաց կանգնած եք մեքենաներով:-Օրինակ` կոնկրետ ո՞ւմ:-Ես չգիտեմ Ձեր թիկնապահների անունները:-Դե հիմա ստեղ 200 հոգի մարդ ա եղել, դրանց նկարել եք… Եթե բերեք, կապացուցեք, որ դրանցից որեւէ մեկն իմ թիկնապահն ա, նոր էդ հարցը կտաք: Երկրորդն էլ ես թիկնապահ պահելու կարիք չունեմ: Ես ո՛չ օլիգարխ եմ, ո՛չ չինովնիկ եմ, ո՛չ էլ ստեղ թալանել եմ, որ թիկնապահ պահեմ, որ վախենամ:-Այնուամենայնիվ, անհասկանալի է ձեր հետաքրքրությունը կոնկրետ գյուղի նկատմամբ: Մի փոքր գաղտնազերծեք` ինչու եք հասել այդ հեռավոր գյուղը:-Ես ձեզ պարզ եմ ասում, որ ես ցանկացած գյուղի հետաքրքրություն ունեմ, բացի այդ, էս գյուղը փախստականներով է վերաբնակեցված: Դա էն կարեւոր հանգամանքն ա, որպեսզի էդ մարդիկ իրանց ընտրական իրավունքը կարողանան կատարել, ոչ թե Վարդենիսից կամ Երեւանից բերեն, գրանցեն: Ընդամենը 2 օր առաջ ցուցակում եղած 125-ի փոխարեն հայտնվել են 180-ը:-Դրա համա՞ր է քվեաթերթիկների թիվը փոքր ընտրողների ցուցակային թվից:-Հա, որովհետեւ քվեաթերթիկները ընտրություններից 10 օր առաջ են տպում: Գյուղապետն էլ երեկ տեղեկանքներ ա գրել, դրա հիման վրա նոր մարդիկ են գրանցվել: Իրենց պետք էր, որ դրսի ժողովուրդը գար, ընտրեր, ներսի ժողովուրդն էլ մնար առանց իրա կարծիքը արտահայտելու:-Հիմա Դուք կոնկրետ ի՞նչ եք անում Դարանակում:-Ես եկել եմ, որ դրսի մարդիկ չգան, ընտրեն: Առավոտը 7 անց կես բերել են մարդկանց, որ իրանք մտնեն, ընտրեն, գյուղացին էլ մինչեւ զարթնի, գա, կտենա, որ բյուլետեն չկա, կթողնի գնա: Ա՛յ դրա համար եմ եկել: Ես եկել եմ, գյուղի ժողովրդին էլ իրանց հետ ասել եմ փակե՛ք արխային, մինչեւ գյուղի բոլոր ընտրողները չմասնակցեն, իրանց ընտրությունը չկատարեն, իրանք որեւէ մեկը չի կարա մտնի ներս: Հիմա արդեն գյուղացիները ընտրել, վերջացրել են, իրանք ինչքան ուզում են, թող գան, մտնեն:-Բայց որ քվեաթերթիկներն ավարտվել են, ինչպե՞ս պետք է ընտրեն:-Արդեն մարդ էլ չկա:-Բա ինչո՞ւ վաղուց աղմուկ չէիք բարձրացնում, որ այդքան ապօրինություններ եք տեսել:-Որովհետեւ ցուցակները ուրբաթ օրն են կախել:-Չասացիք` ում եք պաշտպանում, ում համար եք այդտեղ հասել:-Ինձ համար, բացի գործող գյուղապետից, երկու թեկնածուն էլ ընդունելի են:-Իսկ այդ ընտրատարածքի պատգամավորը եկե՞լ է գյուղ:-Չէ:-Դո՞ւք եք տիրություն անում:-Ես ժողովրդին եմ օգնում:Հ.Գ. Նշենք, որ Սպարտակ Մելիքյանը Աժ պատգամավոր է դարձել Հանրապետական կուսակցության ընտրացուցակով, բայց ինքը մի ողջ կուսակցության ղեկավար է: Այսինքն` «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ղեկավարը ՀՀԿ-ում պատգամավոր է աշխատում, եւ դա դեռ քիչ է, հասել է Վարդենիս ու փորձում է իրավիճակ պարտադրել: Նա մեր զրույցի ընթացքում փաստացի խոստովանել է, որ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտել է` փակելով տեղամասի դուռը անցանկալի ընտրողների դեմ: Մինչդեռ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից Հարություն Ուռուտյանը չեղած բանի համար 8 տարվա կալանքի է դատապարտվել (իբր խոչընդոտել է ընտրության ընթացքը): Եւ, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազությունը լավ կաներ` զբաղվեր այս խնդրով` սկսած գրանցումներից, վերջացրած պատգամավորի ապօրինություններով:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս