ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆ ԿԵՏԻՆ ԽՓԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության վարչության մարտի 6-ին նախատեսված  ընդլայնված նիստն,  ըստ  նպատակահարմարության,  հետաձգվել է եւս մեկ շաբաթով: Կուսակցությունից ոչ ոք, բացի «նպատակահարմարություն» բառից, այլ պատճառ չնշեց: Այդ թվում եւ «Ժառանգություն» խորհրդարանական  խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որն ասաց, թե տարին մեկ անգամ գումարվող խորհրդի սովորական նիստը «եթե  հարմար չէր  դիտվում, իհարկե, պիտի հետաձգվեր»:Երբ մենք նշեցինք, որ այստեղ ակնհայտ քաղաքական դրդապատճառներ կան, եւ որպես օրինակ բերեցինք Մարի Յովանովիչի` քաղաքացիական ակտիվության  կոչը, որ համընկավ խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, Ս.Սաֆարյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել այն «անբարոյականի զավակին, որն այդ միտքը շրջանառության մեջ է դրել»` ավելացնելով, որ ինքը պատասխանատվություն չի կրում հեռուն գնացող ենթադրությունների համար.  «Ինձ հարց է տվել լրագրողներից մեկն` ասելով, թե Վահան Հովհաննիսյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց եւ ասեց` գնանք «Ժառանգությանը» տեսնենք, միգուցե բոյկոտում են, մանդատներից հրաժարվում են, հնարավո՞ր է, որ մանդատներից հրաժարվեք, ասեմ` այդ հարցը անցած տարի քննարկվել է համագումարում եւ որոշվել է, որ դա աննպատակահարմար է, հետեւաբար, այդ հարցը փակվել է անցած համագումարում: Ինչ վերաբերում է փետրվարի 28-ի  ժամը 2-ի նիստին, ես  ո՛չ կարող եմ ասել, որ դա կքննարկվի, ո՛չ բացառել»:Ինչպես հիշում եք, հարցը մեծ հնչեղություն ստացավ, կուսակցության ղեկավարի վրա հարձակումներ եղան, Կարեն Ավագյանը վեր կացավ եւ ինչ-որ սիրային եռանկյունիների մասին հայտարարեց: Այս առիթով Սաֆարյանը նշեց, որ իրենց վրա հարձակում գործել են դեռեւս փետրվար 17-ից, Մարի Յովանովիչի ելույթը ոչ մի կապ չունի. «Մարի Յովանովիչը փետրվարի 28-ին` ժամը մեկին, ԵՊՀ-ում ելույթ է ունենում, նույն օրը` նույն ժամին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց հարձակվում են իմ ու Զարուհի Փոստանջյանի վրա, ի՞նչ  կապ կարող է ունենալ դեսպանի ելույթը մեզ հետ»: Նորություն չէ, որ «Ժառանգությունը» մշտապես կապում են ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի հետ, սակայն պ. Սաֆարյանը չմեկնաբանեց դա` ասելով, որ ինքը չէ այդ կապողը, ով կապում է, թող նա էլ մեկնաբանի. «Ես գիտեմ`  ինչի հետ եմ կապված»: Մեր այն հիշեցմանը, թե չսպասելով մարտի 6-ի որոշմանը` տիկին  Բախշյանը մեկնեց Օսլո: Կոալիցիոն պատգամավորները հեգնում են, որ «Ժառանգությունը» բոյկոտում է նիստերը, բայց գործուղումներից չի հրաժարվում: Այս կապակցությամբ խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունն իրավունք չունի իրենց ասել` ինչ անեն, նաեւ տեղեկացրեց, որ տիկին Անահիտն Օսլո է գնացել մի ծրագրով, որը խորհրդարանի հետ է իրականացվում, բայց ոչ խորհդարանի կողմից. «Եթե չեմ սխալվում, հաշմանդամ երեխաների եւ ընդհանրապես կրթական խնդիրների վերաբերյալ փոխանակումների ծրագիր է»: Խոսելով ՀԱԿ-«Ժառանգություն» թեմաների մասին եւ պատասխնելով ՀԱԿ համակարգողի այն հայտարարությանը, թե  չի նկատել, որ մարտի 1-ին «Ժառանգությունը» եկել էր հանրահավաք,  Սաֆարյանը նշեց, թե նրանց իրավունքն է նկատել-չնկատելը, բայց բազմաթիվ մարդիկ նկատել են:  Ինչ վերաբերում է «Ժառանգության»` հարթակ չբարձրանալուն, իրենք նման մտադրություն չեն էլ ունեցել. «Մենք գնացել էինք մեր համակիր քաղաքացիների հետ մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելու: Մենք ի սկզբանե հենց այդպես էլ պատկերացնում էինք, որ պիտի ժողովրդի հետ գնանք Մյասնիկյանի արձանի մոտ: Լուրերը, որ ժողովուրդը ճանապարհը փակել էր, բացարձակապես հերյուրանքներ են: Ընդհակառակը, Մատենադարանի մոտից մինչեւ Մեսրոպ Մաշտոցի արձան  ժողովուրդն ինքնուրույն ճանապարհ բացեց` վանկարկումներով, բուռն ծափահարություններով ու ձեռքսեղմումներով, ինչը շատ հուզիչ էր»:Հայտնի է, որ Արմեն Մարտիրոսյանը Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության կոչը թարմացրել է: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ  մարտի 17-ի հանրահավաքից առաջ կամ հետո «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը  որակապես  նոր ձեւաչափով համագործակցեն, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ երկխոսության եւ կոնսուլտացիաների նպատակն ամենեւին հանրահավաքում համատեղ ելույթ ունենալը չէ: Իր կարծիքով` նպատակը պետք է լինի համատեղ գործողությունների ծրագիր ունենալն ու այն նպատակին  հասնելը, ինչը «Ժառանգությունն» ու  ՀԱԿ-ը առանձին-առաձնին հռչակել են: Երբ Սաֆարյանից փորձեցինք ճշտել, թե ՀԱԿ-ից պատասխան կա՞, պարզվեց, որ այո, «իրենք պատրաստ են կոնսուլտացիաներ սկսել»: ՀԱԿ-ը ունի հանրահավաքային եղանակով գործունեություն ծավալելու հնարավորությունը, «Ժառանգությունը»` այլ գործիքներ, այդ թվում եւ` ԱԺ-ում եւ  միջազգային կազմակերպություններում իր պայքարի շարունակումը. «Մենք բոլորս, կարծում եմ, պայքարում ենք` օգտվելով այն զինանոցից, որ ունենք: Պարզապես այս պարագայում ավելի շատ համակարգման եւ նույն կետին խփելու խնդիր կա»: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս