Պաշտոնները ստեղծվում են կոնկրետ մարդկանց համար. Սերժ Սարգսյանի որոշումների հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում հաճախ կայացվում են այնպիսի որոշումներ, որոնց տրամաբանությունն այդպես էլ անհասկանալի է մնում: Օրինակները բազմաթիվ են: Տարբեր գերատեսչություններ են միացվում, որոշ ժամանակ անց կրկին տարանջատվում, կառույցներ են ստեղծվում, ապա` լուծարվում: Ամեն  ինչի մասին ըստ հերթականության և փաստերով.

 ԱԱԽ-ն ստեղծվեց, ապա լուծարվեց

Գաղտնիք չէ, որ ԱԱԽ-ն ստեղծվել էր  հատուկ Արթուր Բաղդասարյանի համար, ով այդ պաշտոնին նշանակվեց 2008 թվականի մայիսի 4-ին: 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ստորագրել էին կոալիցիոն հուշագիր, ինչի արդյունքում պաշտոն ստացավ Բաղդասարյանը, որպեսզի ընդդիմությանը դավաճանելուց հետո անելիք ունենա: Այս կառույցում հանուն Արթուր Բաղդասարյանի աշխատակազմ ստեղծվեց, որտեղ տեղավորվեցին նրա թիմակիցները (բնականաբար, նրանք նոր ԱԱԽՔ-ի նշանակումից հետո պետք է լքեին տարածքը):

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կրկին կոալիցիա կազմեցին, որը պահպանվեց նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն ավարտվեց 2014 թվականին, երբ հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Արթուր Բաղդասարյանին էլ Ս. Սարգսյանը չվստահեց վարչապետի պաշտոնը, որն էլ առաջացրեց ՕԵԿ-ի դժգոհությունը: Կոալիցիայից դուրս գալուց հետո Արթուր Բաղդասարյանը հրաժարական ներկայացրեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, և այդ պաշտոնը թափուր մնաց:

ԱԻՆ-ի ստեղծումը, ՏԿԱԻՆ դառնալն ու տարանջատումը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս ստեղծվել է 2008 թվականին և կրկին ՕԵԿ-ի համար: Այդ ժամանակ նախարար նշանակվեց Մհեր Շահգելդյանը: Դրանից հետո նախարարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրեց Արմեն Երիցյանը, իսկ արդեն 2014 թվականին, երբ Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց ՏԿ նախարարի պաշտոնից, այն միացվեց ԱԻՆ-ին, և Երիցյանը դարձավ սուպեր-նախարար: Արդեն 2016 թվականին այս միացյալ նախարարությունը դարձավ կոալիցիայի «զոհ»: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետևանքով Դավիթ Լոքյանին նախարարի պաշտոն տալու համար միացյալ նախարարությունը կրկին տարանջատեցին: Հետաքրքիր է, որ այս որոշմանն ամենաշատը դեմ հանդես եկան հենց ՕԵԿ-ականները, և այդ շրջանում ՀՅԴ-ն նրանց հիշեցրեց, որ ժամանակին ԱԻՆ-ը ստեղծվել էր հենց ՕԵԿ-ի համար:

Ֆինանսների նախարարություն-ՊԵԿ

ՀՀ-ում առաջին սուպեր-նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը: Նա նշանակվեց 2014 թվականի մայիսի 1-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարությանն առընթեր Պետական եկամուտների ծառայությունը միացվեց ֆինանսների նախարարությանը: Հրամանագրով սահմանվեց, որ «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է: Միացյալ նախարարությունը տարանջատվեց 2016 թվականի մարտի 1-ին, որից հետո Գագիկ Խաչատրյանը դարձավ Ֆինանսների նախարար, իսկ ՊԵԿ նախագահ նշանակվեց այդ ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հավսեփյանը:

Փոխվարչապետի պաշտոն վարչապետին

Վերջին թարմ օրինակը երեկ շրջանառության մեջ դրված կառավարության կազմում փոփոխություններ կատարելու նախագիծն էր: Ըստ այդմ` ստեղծվելու է առաջին փոխվարչապետի պաշտոն, որը, ըստ երևույթին, նախատեսված է Կարեն Կարապետյանի համար, ով ապրիլից հետո պետք է զբաղեցնի այդ պաշտոնը:

Այս ամբողջ փոխատեղումները մեկ անգամ ևս գալիս են ապացուցելու, որ Հայաստանում պաշտոններ ստեղծվում կամ լուծարվում են կոնկրետ մարդկանց համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս