Ագրարային համալսարանում բողոքի նոր ալիք է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ագրարային համալսարանում բողոքի նոր ալիք է հասունանում: Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի` համալսարանից հետ է վերցվել երկու մասնաշենք: Փոխարենը տրվել է մի տարածք, որը գտնվում է Մյասնիկյան հասցեում:

Պարզվում է, Ամանորի նախաշեմին՝ 2017թ. դեկտեմբերի 28-ին, կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի «Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից Երեւանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում գտնվող 7594 քմ մասնաշենքերը եւ կաթսայատունը հետ վերցնելու մասին: Փոխարենը հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է նշված հասցեում գտնվող 5-րդ մասնաշենքը, մարզադահլիճը` հանդերձարաններով: Բացի այս` համալսարանին է տրվել Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում գտնվող 1521.7 քմ շենքը, 32.6 քմ կաթսայատունը` դրանց զբաղեցրած եւ սպասարկման համար հատկացված 0.1772 հա հողատարածքը, որպես փոխհատուցում: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում գտնվող դպրոցի հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից գումար պետք է հատկացվի, ինչից հետո հնարավոր կլինի համալսարանի մի մասի տեղափոխումը: Իսկ մինչ այդ ագրարային համալսարանը շահագործելու է Կորյունի 17 շենքի ֆիզկուլտուրայի դահլիճը` հանդերձարաններով, եւ Կորյունի 19-ի մասնաշենքը, որը Տերյան փողոցի թեւում է:

Սակայն համալսարանից մասնաշենքերը խլելու այս որոշումը խիստ զայրացրել է ե՛ւ ուսանողական, ե՛ւ դասախոսական կազմին: Բանն այն է, որ նոր տարածքը բավական հեռու է, եւ ոչ բոլորին է հարմար այնտեղ հաճախել: «Ժողովուրդ»-ին համալսարանի ուսանողները պատմեցին նաեւ, որ մասնաշենքերի նոր «սեփականատերը» այս օրերին իրենցից պահանջում է ազատել տարածքը: Իսկ տվյալ մասնաշենքերում, ըստ ուսանողների, կան կենդանաբանական կարեւոր նմուշներ, փորձանմուշներ, քիմիական նյութեր եւ այլն, որոնց տեղափոխման հարցը այդպես էլ օդում կախված է մնում:

Հետաքրքիրն այն է, որ Ագրարային համալսարանից կառավարությունը տարածքը վերցրել է՝ հիմնավորելով, որ այնտեղ պետք է տեղակայվեն պետական հիմնարկներ: Իսկ թե ո՞ր գերատեսչություններն են տեղակայվելու, դեռ հայտնի չէ. իշխանությունները դեռ չեն որոշել: Մինչ այդ, տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, ով ասաց. «Եթե մտնողներ են, ապա պետական գույքի կառավարման վարչությունից են եղել, որոնք լիազորված են տնօրինելու այդ տարածքները: Բայց կոպիտ պահվածք չեն դրսեւորել: Մենք միասին ենք գնացել այդ մասնաշենքեր»: Մեր զրուցակիցն անկեղծացավ` նշելով, որ կառավարությունը իրավունք ունի ցանկացած պահի հետ վերցնելու այն գույքը, որը ժամանակին անժամկետ օգտագործման իրավունքով է հանձնել: «Մեզ նույն որոշմամբ տվել են Երեւանի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող Գրիբոյեդովի անվան նախկին դպրոցը: Այն էլ է պետական շենք, եւ ՀՀ կառավարությունն է տնօրինում այդ շենքերը»,- նկատեց պրոռեկտորը:

Պրոռեկտոր Էֆենդյանը նաեւ նշեց, որ կառավարության որոշման արդյունքում տուժում է իրենց բուհի աշխատանքը: «Իհարկե, տուժում է, բայց… բայց հիմա մենք ինչ կարող ենք անել: Հիմա դա պետական կարիքների համար է, ուրեմն պետք է հատկացվի: Այստեղից գույքը վերցնում ենք, տեղափոխում այլ տեղ: Դրա մեջ ի՞նչ կա: Եթե այդ կարիքը առաջացել է պետության համար, եւ այդ շենքի տերը` կառավարությունը, որոշել է հետ վերցնել, ապա մենք ինչ կարող ենք անել: Նման սուղ պայմաններում, փառք Աստծո, որ մեզ այլ տարածք են տվել»: Պրոռեկտորի խոսքերով` մի քանի ամիս անց այդ մասնաշենքերում տեղակայվելու են «պետական լուրջ մարմիններ»: Պրոռեկտորը խուսափեց նշել, թե պետական ո՞ր լուրջ մարմիններն են տեղակայվելու այնտեղ: Միայն հավաստիացրեց` նշելով. «Բայց այդ տարածքում մասնավոր ընկերություն չի աշխատելու, հյուրանոց չի լինելու… համբերենք մի քանի ամիս, կիմանանք: Կառավարությունը ինքը չէր անի նման քայլ. պետական լուրջ տարածքը ինչ-որ մասնավոր ընկերությանը վաճառել` հյուրանոց կառուցելու համար»:

Որպես պատճառաբանություն պետական գույքի կառավարման վարչությունը նշել է, որ համալսարանից մասնաշենքերն ու կաթսայատները հետ են վերցնում մի շարք պետական հիմնարկներին համապատասխան աշխատանքային տարածքներով ապահովելու նպատակով: Թե կոնկրետ որ պետական հիմնարկներն են այստեղ գործունեություն իրականացնելու, պետական գույքի կառավարման վարչությունից չգաղտնազերծեցին` բավարարվեցին միայն նշելով. «Համապատասխան որոշումը ընդունվել է դեկտեմբերին, վերջնական դեռ չի որոշվել, քննարկումների փուլում է»: Ասել է, թե այս պահին մասնաշենքերի «սեփականատերը» պետական գույքի կառավարման վարչությունն է:

Ոչինչ, որ այս ամենի արդյունքում հնարավոր է` համալսարանը վնասներ կրի: Մյուս կողմից գործադիրի ղեկավարը` Կարեն Կարապետյանը, հորդորում է ենթականերին օպտիմալացման գնալ, մասնավորեցնել տարածքներ, գումարներ տնտեսել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս