«Ապրիլից հետո լճացում է սպասվում». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» երեկ պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրեցին որպես ՀՀ 4–րդ նախագահի թեկնածու: Մինչ այս շրջանառվում էին կարծիքներ, որ նախագահի պաշտոնը դարձել էր բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու էր վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ նախագահի պաշտոնի մասով, այնուամենայնիվ, ամեն ինչ պարզ է հենց այն պահից, երբ թեկնածուն սկսեց իր քարոզարշավը:

«Այն PR քարոզարշավ էր, որովհետև եթե նա համաձայն չլիներ նախագահի պաշտոնը զբաղեցնել, դժվար թե այդ PR քարոզարշավն անցկացներ: Երբ նա սկսեց PR քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ էլ տվել էր իր համաձայնությունը: Մնացածն արարողակարգային իրադարձություններ են՝ լուրջ քննարկելու անհրաժեշտություն չկա: Ըստ իս՝ նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը ոչ ոքի հետ չի բանակցել. դա այն պաշտոնն է, որը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Առավել ևս այն դեպքում, երբ առանց այդ էլ բավականին սեղմ իրավունքներ ունեցող այդ պաշտոնից կրկին իրավունքներ վերցրեցին: Հիմա ընդամենը Անգլիայի թագուհու պաշտոն է, առանց Անգլիայի թագուհու հեղինակության: Այդ պաշտոնը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը շեշտեց՝ ապրիլին ընդառաջ ամենակարևորը վարչապետի հարցն է. «Այս պահի դրությամբ 90 տոկոսով պարզ է, թե ով է լինելու վաչապետը: Ինտրիգն 90%–ով էլ չկա, որովհետև հստակ է դառնում, թե ով է լինելու այդ պաշտոնում»:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության անդամների հրաժարականի դիմումներին ու այն հանգամանքին, որ պաշտոնից հեռանալ ցանկացողներն ու հեռացողները վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից են, Արմեն Բադալյանը նշեց. «Դժվար է ասել, որ դա թիմ է, որովհետև թիմը գաղափարական մարդկանց խումբ է, որոնք մեկ նպատակի հասնելու համար նպատակադրված են ինչ–որ գործողություններ իրականացնել: Դժվար է ասել, որ այդ մարդիկ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Կարող ենք ասել, որ նրա կողմնակիցներն են, որովհետև կողմնակիցը պասիվ կարգավիճակ է ենթադրում, իսկ թիմակիցը, ի վերջո, ավելի ակտիվ է: Նրանք, ի վերջո, մի նպատակի պետք է հասնեին: Նպատակը, բնականաբար, իրենց ղեկավարի՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն ուղղված գործողություններն էին, որոնք չեղան: Մենք չտեսանք, որ նրա թիմակիցներն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարեին»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի կողմնակիցների համար արդեն պարզ դարձավ, որ իրենց փաստացի ղեկավարը ապրիլից հետո վարչապետի պաշտոնում չի մնալու. «Անիմաստ է շարունակել աշխատանքը՝ պետք է սեփական ճակատագրի մասին որոշում կայացնել, քանի որ չի բացառվում և շատ հնարավոր է, որ նոր վարչապետը նոր նախարարներ և փոխնախարարներ նշանակի: Այս պարագայում նա արդեն իր թիմակիցներին կնշանակի, ովքեր ավելի ուժեղ են, քան Կարեն Կարապետյանի կողմնակիցները»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ արդեն նշմարվում է այն իրավիճակը, որը սպասվում է ապրիլից հետո:

«Լճացում է սպասվում: Երբ վերջնականապես հաստատվի, որ գործող նախագահը վարչապետ է լինելու, նշանակում է՝ Հայաստանում բավականին երկար ժամանակ որևիցե առաջընթաց տեղի չի ունենա: Լճացման ժամանակաշրջան կսկսվի, որը զարգացման չի բերի»,– եզրափակեց քաղաքագետը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս