ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴՐՎԱԾ ԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցն է` Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: Տասը տարի առաջ այս օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ բռնությամբ ցրեց նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ շուրջօրյա հանրահավաքներ անող ընդդիմադիրներին, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ մարտի 1-ը, ե՛ւ 1999թ. հոկտեմբերի 27-ն իրենց բնույթով նման էին` այդպես մեծ հարված հասցնելով պետականության հիմքերին: Հիմա՝ տասը տարի անց, պետք է արձանագրենք` մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. փոխարենը բանտերում հայտնվեցին ընդդիմադիրները շինծու քրեական գործերի արդյունքում: Մինչդեռ կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեին իշխանությունները՝ ե՛ւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ վարչապետ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանն ու ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը, իրավապահ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: Ու քանի դեռ Հայաստանում իշխանության են հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամենապատասխանատու պաշտոն զբաղեցրած անձինք, այս ոճրագործությունները երբեւէ չեն բացահայտվի:

 

 

 

ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաեւ տեղեկացանք, որ թեեւ վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է եւ իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ թերեւս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարեւան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում` նույնը լինի նաեւ Հայաստանում:

 

 

 

Տարիներ առաջ, երբ ՀՅԴ-ն դեռ ընդդիմադիր էր եւ «հրաշալի քառյակի» կազմում պահանջում էր իշխանությունների հրաժարականը, այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով այդ երեւույթին, ասել էր, թե «ղալաթ են անում»: Ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձել էր. «…եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Այս բարձրաձայնումից հետո Հրայր Թովմասյանը խոստացել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում… Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»: Ինչպես հայտնի է` Թովմասյանը վաղուց նախարար չէ, բայց պարզվում է՝ այդպես էլ չի պատասխանել Արմեն Ռուստամյանին: Համենայն դեպս, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ՀՀԿ-ական պատգամավոր, ապագա ՍԴ անդամ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ ինչ պատասխան է տվել Արմեն Ռուստամյանին: «Այդ հարցը հարթված է վաղուց»,- եղել է պատասխանը` առանց հստակեցնելու:

 

 

 

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում՝ ահռելի չափերով. միայն հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը: Առավել եւս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ` այս պատկերը վտանգավոր է իր հետեւանքներով:

 

 

 

ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հանձնառու է առավել ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործընթացը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։ Ընդ որում, Էդվարդ Նալբանդյանը ժողովրդավարության մասին խոսել է Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունների համատեքստում:
Համաձայնեք` Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը սահմաններ չունի: Միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպումներին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ, ընդհանրապես, ՀՀ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաները միանգամից սկսում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից` Հայաստանում նույն այդ իշխանությունն ամեն քայլափոխի ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, խախտում մարդու իրավունքները, օրենքը կիրառում ընտրողաբար` դատական համակարգը պահելով կախվածության մեջ եւ այսպես շարունակ:
Բավական է միայն հիշել, թե իշխանություններն ինչ բիրտ մեթոդներով սկզբում տրոհեցին քաղաքական դաշտը, եւ հետո ինչ այլանդակ կեղծիքների արդյունքում անցկացրին սահմանադրական հանրաքվեն: Հիմա դրանից հետո խոսել ժողովրդավարական արժեքների մասին, միաժամանակ հիշեցնելով կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը, մեղմ ասած՝ «սիրուն չէ»: Ընդ որում, ՀՀ ԱԳ նախարարը խոսում է Հայաստանում ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու մասին այն դեպքում, երբ իրականում իշխանություններն ավելի ու ավելի սահմանափակում են այն: Բավական է միայն նշել, որ ժողովրդավարության առաջնային ցուցիչներից մեկն էլ ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու իրավունքն է: Այնինչ` նույն այդ կեղծված Սահմանադրությամբ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են այդ իրավունքը. նախկինում եթե ՀՀ քաղաքացին ընտրում էր նախագահ, ԱԺ եւ ՏԻՄ մարմիններին, հիմա դա չկա. ժողովուրդն ընտրում է միայն խորհրդարանի պատգամավոր եւ ՏԻՄ մարմիններին, այն էլ՝ ավագանու անդամներին: Նոր Սահմանադրությամբ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրին նախագահ եւ քաղաքապետ ընտրելու իրավունքը: Ասել է, թե իշխանությունները ժողովրդավարությունն ամրապնդելու փոխարեն, ընդհակառակը, սահմանափակեցին այն: Ասել է, թե իրականում մեզանում կեղծ ժողովրդավարություն է. իշխանությունները շարժվում են այդ փիլիսոփայությամբ:




Լրահոս