ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՖԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ դուրս գալ Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստման տակից: Միայն թե, որքան շատ է նա ճգնում համոզել մարդկանց, որ կատարել է խոստումը, այնքան ավելի ծիծաղելի դրության մեջ է հայտնվում:

Եւ այսպես` կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների եւ ֆինանսական աղբյուրների: Փաստաթղթից պարզվում է, որ նրանք ոչ թե կատարել, այլ գերակատարել են խոստումը. պետական, վարկային եւ դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված ներդրումները, ըստ կառավարության տեղեկանքի, կազմում են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Փաստաթղթում նաեւ ընդգծված է, որ առանձին ներկայացված են 170.9 մլն դոլար ծավալով ներդրումներ, որոնք 856 մլն-ի մեջ ներառված չեն: Էլ ուրիշ ի՞նչ է հարկավոր` երջանիկ լինելու համար. Կարեն Կարապետյանի խոստացած «դմփոց ռեֆորմներն» ընթացքի մեջ են, եւ մի որոշ ժամանակ անց՝ «շուռ կտանք աշխարհը»:
Ըստ հաշվետվության` այդ ներդրումների 68 տոկոսը մասնավոր հատվածից է եկել, 6 տոկոսը դրամաշնորհային ծրագրերն են, 19 տոկոսը` վարկային ծրագրեր, 4 տոկոսը` պետական բյուջեից, 3 տոկոսն էլ՝ համայնքային բյուջեից: Անգամ այս տվյալներն են վկայում, որ կառավարության ներկայացրած թվերից միայն 68 տոկոսը կարող ենք ուղղակի ներդրում համարել, այն էլ որոշակի վերապահումներով, իսկ մյուսները վարկեր են, դրամաշնորհներ կամ վարկային ծրագրեր:
Հետաքրիրն այն է, որ կառավարության ներկայացված տեղեկանքում ներդրումներ են համարվել անգամ պետական բյուջեից, համայնքային բյուջեից տրված գումարները: Մինչդեռ, սովորաբար, միջազգային պրակտիկայում ընդունված չէ այդպես վարվել. միջազգային ընդունված ստանդարտներով հաշվարկներն իրականացնում է ԱՎԾ-ն: Իսկ կառավարությունը հաշվարկի իր մեթոդաբանությունն է հորինել, տարբեր ծախսեր փորձել ներդրումների անվան տակ սղացնել, որպեսզի մի կերպ փրկի իրավիճակը, փրկի վարչապետի դեմքը:
Միայն թե, նկատենք, այս տրամաբանությամբ կարելի է նաեւ ներդրումներ համարել պետական գնումները, քանի որ այդպես պետությունը նպաստել է մասնավոր բիզնեսի զարգացմանը` գումար ներդնելով այնտեղ: Կարելի է ներդրում համարել նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ հեռահաղորդակցության համար վճարումները. չէ՞ որ սա էլ գումար է մասնավոր բիզնեսին՝ որոշակի ծառայությունների դիմաց, ներդրումների նման մի բան է: Այս տրամաբանությամբ կարելի է ներդրում համարել նաեւ տարբեր ձեռնարկությունների կառավարության տված արտոնությունները, եւ այսպես շարունակ: Համենայն դեպս, եթե կարելի է ներդում համարել վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը, ապա ինչո՞ւ ներդրում չհամարել նաեւ սրանք:
Իհարկե, կառավարության ներկայացրած փաստաթղթում այս անգամ շատ նրբորեն շրջանցված է ներդրումների աշխարհագրությունը: Սա այն պարզ պատճառով, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները սպասվածից քիչ են եղել: Դեռեւս հրապարակված են հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՎԾ-ի տվյալները՝ օտարերկրյա ներդրումների մասին: Ըստ այդմ, ուղղակի ներդրումները կազմել էին 58 մլրդ 807.7 մլն դրամ: Սա 12.1 մլրդ դրամով ավելի էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, բայց ամեն դեպքում ոչ մի կերպ մոտ չէր կառավարության ղեկավարի խոստացած ցուցանիշներին: Ընդ որում, ներդրումների մեծ մասն ուղղված է եղել հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա պետություններին ներդրումներն աներեւակայելի քիչ են եղել այդ ժամանակ եւ չեն գերազանցել 5 մլրդ դրամը: Հանքարդյունաբերության ոլորտում էլ հիմնական գումարը հոսել է օֆշորային երկրներից: Բայց որպեսզի կառավարությունը ցույց տա, թե ապահովել է խոստացված ցուցանիշը եւ անգամ գերակատարել, հաշվարկներն անում է իր հնարած մեթոդաբանությամբ՝ ներառելով նաեւ այդ ընթացքում վերցված վարկային միջոցները, պետության կողմից ներդրված գումարները: Համաձայնեք, սա այն դեպքն է, երբ մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ օրերս Սերժ Սարգսյանի մոտ սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ այդպես էլ խոսք չի գնացել ներդրումների մասին. հավանաբար, չեն ցանկացել Սերժ Սարգսյանին էլ մոլորեցնել թվային այս մանիպուլյացիաներով, փոխարենը սա անում են` հասարակության աչքը մտնելու եւ տպավորություն թողնելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարում Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրությունները հարթ չեն անցել: ԲԴԽ անդամության թեկնածու դատավորները ելույթներում հորդորել են ընտրել` խղճին հետեւելով, այլ ոչ թե առաջնորդվել քավոր-սանիկ հարաբերություններով, ավելին` ԲԴԽ թեկնածուները միմյանց հանգստացնելու համար կոչ են արել` ասելով, թե չպետք է մոռանալ, որ մարտի 1-ով ոչինչ չի ավարտվում, եւ դեռ կա մարտի 2, 3, 4, 5: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ` քվեարկության ավարտից հետո հաշվարկ է իրականացվել: ԲԴԽ անդամության թեկնածուներից ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը` իմանալով, որ ինքը չի ընտրվել, պահանջել է կրկին վերահաշվարկ իրականացնել: Նրա պահանջը կատարվել է, երկարաձգվել է ընտրություների արդյունքները հրապարակելու ընթացքը, բայց արդյունքները չեն փոխվել: Այս ամենից հետո դատավոր Գագիկ Խանդանյանը ձայնի իրավունք է խնդրել եւ հայտնել, որ ամեն ինչ կարգին է:

 

 

ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք այդ տարածքները մտադիր են «ռեմոնտ անել» արգենտինահայ հայտնի գործարար Էռնեկյանի միջոցներով: Նշենք, որ դեռեւս անցած տարի ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի օտարման հետ կապված գործարքները: Այն, ինչպես հայտնի է, գնվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ: Եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա: Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել:

 

 

ԿՈՐԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է կորել. վերջինս սնոուբորդ վարելու ընթացքում դուրս է եկել երթուղուց եւ անհետացել: Չորս-հինգ ժամ տեւած որոնումներից հետո նրան հայտնաբերել են՝ սառած վիճակում: Բարեբախտաբար, ՌԴ քաղաքացին ողջ է եղել: Նշենք, որ նույն այդ վայրում տարիներ առաջ մոլորվել եւ ցրտահարվելուց մահացել էր «Արմենտել» ընկերության նախկին տնօրեն Արչիլ Մեղրաձեն:

 

 

ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է եւ չի փոխվել: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը ներկայացված է փաստաթղթերում, որոնք հասանելի են նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում: «Եթե որեւէ նրբերանգում կամ իրադարձությունների զարգացում լինի, մենք կտեղեկացնենք»,-նշել է նա` պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում ԼՂՀ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցին: Մ. Զախարովան մեկնաբանել է նաեւ հայ-ռուսական հետագա հարաբերությունները Հայաստանում նոր նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո: «Զարգացումը կլինի այնպես, ինչպես որ նախատեսված է երկկողմ համաձայնագրերով, բազմաթիվ գագաթնաժողովներով, բանակցություններով եւ հաշվի առնելով առաջին հերթին երկու երկրների ժողովուրդների բարեկեցության սկզբունքները»,-ասել է Զախարովան:

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող` բեռից իրականացվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրան դիմավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների կառավարության ղեկավարներն ուղեւորվել են Հայաստանի կառավարություն, որտեղ կայացել են հայ-վրացական բանակցությունները նախ` նեղ, այնուհետեւ` ընդլայնված կազմով:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը: Նա նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան: Մելքոնյանին ազատելու մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա): Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում եւ Մալազիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Ս. Սարգսյանի մյուս հրամանագրով` Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի, ինչպես նաեւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

 

 

ԴԵՂՁ ԷԼ ՉԷ, ԾԻՐԱՆ
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, խոսելով Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկի մասին` վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, պատասխանել է. «Որ Վազգենի անունը տվիր, էլ մի՛ խոսա: Դա անամոթություն է, էլի»: Պատգամավորի խոսքով` անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: «Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա ծովից ծով Հայաստան ե՞ք ուզում, էդ եք, էլի: Ա՛ռ քեզի ծիրան, դեղձ էլ չէ, ծիրան»,- նկատել է Ս. Սարոյանը:




Լրահոս