Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները քաղավիացիային դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները հայտնվել են խնդրի առաջ եւ դատի են տվել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք երկարամյա թոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, որպեսզի վարչությունը վավերացնի իրենց կողմից ներկայացված փաստաթղթերը: Դրանից հետո նրանք փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն` ստանալու հասանելիք երկարամյա թոշակը:

Սակայն ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը չի վավերացնում փաստաթղթերը` նշելով, որ օրենքում բաց կա, եւ իրենք կառավարության որոշմանը հետեւելով` կաշկանդված են այդ փաստաթղթերը վավերացնելու հարցում:

Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ երկարամյա թոշակի գնալու իրավունք ունեն թռիչքային ինժեներն ու թռիչքային տեխնիկը, բայց մասնագետների կողմից ներկայացված փաստաթղթերում գրված է ինժեներ-տեխնիկ, այսինքն` չկա թռիչքային բառը, ուստի այդ բառի չլինելու պատճառով վարչությունը չի ստորագրում նրանց փաստաթղթերը, եւ նրանք չեն կարողանում գնալ երկարամյա թոշակի: Մեզ հայտնի դարձավ, որ այս «չարաբաստիկ» «թռիչքային» բառի պատճառով տարբեր ավիաընկերություններով փաստացի թռիչք կատարած շուրջ 30 մասնագետ հայտնվել է խնդրի առաջ, ու որեւէ կերպ չեն կարողանում լուծել իրենց երկարամյա թոշակի հարցը:

Արդյունքում` եղել են մասնագետներ, որոնք դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանցից մեկն էլ ինժեներ-տեխնիկ Արմեն Խաչատուրյանն է: Նա մարտի 29-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը վավերացնել փաստացի կատարած թռիչքաժամերի մասով տրամադրված տեղեկանքները:

Ինչ կորոշի դատարանը, դժվար է ասել, բայց մասնագետները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ 30-ից ավելի մասնագետներ դատի տան վարչությանը եւ դեռ ավելին` դիմեն ՀՀ կառավարություն, որ օրենքում փոփոխություն իրականացնեն եւ իրենց տարիների կատարած աշխատանքը մեկ բառի պատճառով ջուրը չգցեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս