Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա. հասարակությունը տնտեսական աճի ազդեցությանը պիտի 5-6 տարի էլ սպասի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն ամեն գնով որոշել են հասարակությանը համոզել, որ ոչ միայն տնտեսական աճ կա, այլեւ այդ աճը մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Օրինակ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ասել է, թե հասարակության որոշակի շերտեր իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը, իսկ հասարակության լայն խավերը կենցաղում կզգան, երբ աճը շարունակական լինի: «Եթե դուք անդրադառնաք մեր նախորդ տարիների իրավիճակին, կհասկանաք, որ տնտեսական աճը մեկ տարվա ընթացքում չի կարող տեսանելի դառնալ հասարակության բոլոր շերտերի համար: Տնտեսական աճը կարելի է զգալ, եթե այն տեւական ժամանակ է տեղի ունենում: Այսինքն՝ եթե 5, 6 տարի անընդհատ ունենանք այսպիսի տնտեսական աճ, ապա հասարակության բոլոր շերտերն իրենց վրա կզգան դրա ազդեցությունը»,- հայտարարել է նա:

Ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում. «Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»:

Համաձայնեք` մինչեւ Հայաստանում 5-6 տարի շարունակ տնտեսական աճ գրանցվի, մինչեւ մարդիկ սկսեն իրենց մաշկի վրա զգալ այդ աճի ազդեցությունը, բավական ժամանակ անցած կլինի: Այդ ընթացքում հասարակության մի զգալի հատված առնվազն արտագաղթած կլինի:

Եւ հետո` իշխանությունները դեռ պետք է կարողանան շարունակական աճ ապահովել, ինչը ոչ ոք չի կարող երաշխավորել: Առավել եւս, երբ Հայաստանի տնտեսությունը սպառել է երկարատեւ զարգացման համար անհրաժեշտ ներքին ռեսուրսները, մյուս կողմից` Հայաստանի տնտեսությունն առավել քան կախված է համաշխարհային գործընթացներից: Ըստ այդմ, հատկապես ռուսական տնտեսության մեջ ամենաչնչին ցնցումն անգամ կարող է բացասաբար անդրադառնալ այստեղ, ինչպես եղել է նախկինում:

Այնպես որ, պայծառ ապագայի խոստումները վաղուց արդեն կորցրել են իրենց ուժը: Եւ հետո` մեկ փաստ էլ. Հայաստանում սովորաբար բարձր տնտեսական աճը միշտ եղել է թվային մանիպուլյացիաների միջոցով պայմանավորված կոնկրետ քաղաքական գործընթացներով: 2016թ. ընդամենը 0.5 տոկոս տնտեսական աճից հետո` 2017թ. տնտեսության մեջ տեղի ունեցած դրական տեղաշարժի դեպքում բնական է, որ մեծ աճ պետք է արձանագրվեր՝ 7 տոկոսի չափով: Հիմա խիստ հարցական է՝ արդյո՞ք այս տարվա վերջում էլ կհաջողվի նման արդյունք գրանցել: Առավել եւս, երբ հիմա այլեւս իշխանություններն «ապացուցելու բան չունեն». նոր կառավարությունը ապրիլի վերջում արդեն ձեւավորված կլինի:




Լրահոս