Վատիկանում Հռոմի պապն օծել է Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ:

Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիսավոր արարողության ավարտին գլուխ խոնարհեց արձանի առաջ:

Վատիկանի սրտում բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելուց 3 տարի անց՝ կրկին ապրիլին:

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը խորհրդանշում է Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ:

2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Հռոմի Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։




Լրահոս