ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ»-ի շրջանակում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում իրականացվող ուսումնավարժությունները:
Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքն անցկացվեց Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ հասցե Գայի պողոտա 12/2, «Պալաս» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ուսումնավարժությանը ներգրավված էր նաև Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ավտոմոբիլ-ցիստեռնը՝ հրշեջ մեքենաների լիցաքորվման համար:
Ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հակահրդեհային ազդարարման համակարգի, սարքավորումների և տարահանման ելքերի հետ: Մասնավորապես՝
• ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում,
• բացակայաում է հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը,
• հիդրանտները տեղակայված են շինությունից բավական հեռու և, ըստ էության, պիտանի չեն,
• որոշ տաղավարներում բացակայում են հրդեհի ազդարարման տվիչները, իսկ տեղադրվածները կարիք ունեն ստուգման,
• տարահանման ուղիներում առկա են դյուրավառ և այրվող նյութեր, որոնք պետք է ապամոնտաժվեն:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Պալաս» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը: