Արտահերթ ընտրությունների հրամայականը. Հայաստանի ներքաղաքական աննորմալ իրավիճակը գնալով սրվում է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ստեղծված ներքաղաքական աննորմալ իրավիճակն արձանագրել է նաեւ միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը` ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ թեեւ թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, բայց իշխող ՀՀԿ-ն դեռեւս պահպանում է խորհրդարանական մեծամասնությունը: Fitch-ը երեկ հրապարակած զեկույցում կարծիք է հայտնել, որ ներքին քաղաքական անկայունությունն ամբողջությամբ հաղթահարված չէ, քանի որ նոր վարչակազմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնելու:

Բացի այդ, ըստ նրանց, «Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն շարունակում է մեծամասնություն լինել խոհրդարանում, և դեռևս պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա ստեղծել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով ժողովրդի աջակցությունը կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ուղու վրա: Նորընտիր վարչապետը նոր կառավարության դիրքերն ուժեղացնելու համար նշել էր, որ 2018թ. անցկացնելու է խորհրդարանական նոր ընտրություններ, բայց այս նախաձեռնութունը պահանջում է խորհրդարանի 3/5 մասի հաստատումը»,- նշված է այնտեղ:

Փաստորեն, պետք է արձանագրենք մեկ պարզ իրողություն. այսօր անգամ միջազգային վերլուծական կենտրոններն են խոսում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` շեշտելով քաղաքական դաշտում առաջացած նոնսենսը: Իսկ սա նշանակում է, որ խնդիրն իսկապես կարեւոր է. արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար կարելի է ասել օրհասական է: Ու որքան էլ ՀՀԿ-ականները փորձեն հայտարարել, թե չեն խոչընդոտելու նոր կառավարության գործունեությանը, որքան էլ հավաստիացնեն, թե օրենսդիրում խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժի չի ենթարկելու գործադիրին, միենույն է, դժվար է հավատալ:

Չկա որեւէ երաշխիք, որ ՀՀԿ-ն չի խաբի հասարակությանն ու կառավարությանը: Ի վերջո, ՀՀԿ-ն 20 տարի շարունակ եղել է իշխանության ղեկին եւ հեշտությամբ չի հեռանում իշխանությունից, ընդհակառակը, նրանց մեջ գնալով խորանում է ռեվանշի ձգտումը, հատկապես, երբ տեսնում են, թե հասարակությունն ինչպես է ընդունում նոր կառավարությանը եւ շարունակում մերժել իրենց: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ն մեկ օր առաջ փորձում է իր հակահեղափոխությունն անել՝ կրկին ամբողջությամբ իր ձեռքը վերցնելով իշխանությունը, կրկին հաստատելով մենաշնորհ: Ու եթե նոր կառավարությունը չի ցանկանում տապալվել, ապա օր առաջ պետք է ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացվեն:




Լրահոս