Մեզ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի ինչ-որ ձեւով ձեւավորվի այդ վստահությունը. պետդումայի պատգամավորը` նոր կառավարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնների նշանակված անձանց մեծ մասը նախկինում հակառուսական, հակապուտինյան դիրքորոշում էին արտահայտում: Հետաքրքիր է, թե այս պարագայում Ռուսաստանն ինչպես է պատկերացնում նրանց հետ աշխատանքը: Պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ:

-Պարո՛ն Կալաշնիկով, Հայաստանում ձեւավորված նոր կառավարության հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Կարծում եմ` ինչպես նախկինում է եղել, այդպես էլ շարունակելու ենք համագործակցել: Մենք վերակառուցելու ենք աշխատանքը նաեւ խորհրդարանի հետ: Պետք է ասեմ, որ հունիսի 4-6-ը խորհրդարանական մեծ պատվիրակություն է գալու Հայաստանից` տարբեր խմբակցություններից: Այդ ընթացքում կքննարկենք նաեւ այն գործընթացները, որ տեղի են ունենում:

-Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ինչպե՞ս եք աշխատելու: Նա նախկինում աչքի է ընկել հակառուսական, հակապուտինյան արտահայտություններով:

-Ես կարծում եմ` Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես մեզ մոտ Անվտանգության խորհուրդը, կառույցներ են, որոնք աշխատում են իրենց գրաֆիկով: Այդ օրգաններն առաջին հերթին ստեղծված են ազգային անվտանգության համար: Եվ եթե մեր խորհուրդը մեր անվտանգությամբ է զբաղված, թող Ձեր Գրիգորյանն էլ զբաղվի Ձեր անվտանգությամբ: Իսկ կհաստատվի երկու կառույցների միջեւ երկկողմ հարաբերություններ մեր Պատրուշեւի հետ, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ես այդ մասին չեմ կարող խոսել, բայց, կարծում եմ, պարոն Գրիգորյանի` հակառուսական ուղղվածությամբ հանդես գալը հաստատ արդյունավետություն չի ավելացնի այդ հարաբերություններին, որ պետք է ձեւավորվեն պարոն Պատրուշեւի հետ:

– ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջին այցը կատարեց Սանկտ Պետերբուրգ: Նրա հետ աշխատանքի հեռանկարներ տեսնո՞ւմ եք:

-Դե ես կարծում եմ` նույն պրոֆիլի ռուսական կառույցների հետ իրենք կաշխատեն: Բայց իրենց հարաբերությունների անկեղծության հարցում դժվար թե վստահություն լինի: Մեզ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի ինչ-որ ձեւով ձեւավորվի այդ վստահությունը: Ե՛վ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին անվտանգություն է պետք այս տարածաշրջանում, դրա համար եւս մեկ անգամ ասեմ, որ անկեղծություն նրանց միջեւ կարող է չլինել, բայց արդյունքներ ամեն դեպքում կարձանագրվեն:

-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ կարող եք ասել:

-Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ`առաջին կոնտակտը, որ հաստատվեց մայիսի 14-ին մեր նախագահի եւ Ձեր վարչապետի հանդիպմամբ, ինձ թվաց, որ հայաստանյան կողմը բավական անկեղծ ասաց այն մասին, որ մենք հետաքրքրված ենք, որ մեր աշխարհաքաղաքական, ստրատեգիական փոխհարաբերությունները զարգանան: Իսկ այժմ կհետեւեն աշխատանքները: Ահա այդ աշխատանքները ցույց կտան` որքանով էին անկեղծ այդ հանդիպմանն արված հայտարարությունները: Որքանով ես եմ հասկանում, մեր նախագահը ոչ միայն նշանակություն է տալիս մեր փոխհարաբերություններին, այլ շատ է գնահատում խոսքը, երբ խոսք ես տալիս ու դա կատարում: Ես իրեն գիտեմ եւ տեսնում եմ, թե ինչպես է նա վերաբերվում այդպիսի մարդկանց: Անկախ նրանից, թե տվյալ մարդը կիսում է մեր նախագահի աշխարհայացքը, նա իրականում գնահատում է մարդու անկախությունը եւ հատկապես գնահատում է տրված խոսքը: Եթե մարդն ասելու է մի բան, դրա հետ մեկտեղ խախտելու է այդ խոսքը եւ գործելու է իր կանոններով, դա գրոշի արժեք չունի եւ, հավանաբար, նա կվերանայի նման մարդու հետ հարաբերությունները: Գլխավորն այն է, որ խոսքը եւ գործը չհակասեն իրար:

-Կարո՞ղ ենք ասել, որ երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, նա որոշ խոստումներ չէր կատարել, այդ իսկ պատճառով նրան ՌԴ-ն չաջակցեց որեւէ կերպ:

-Ես կարծում եմ` ՌԴ-ն միշտ անհրաժեշտ չափով չի աշխատել հայաստանյան էլիտայի հետ, ԶԼՄ-ների հետ ռուսաց լեզվի հարցով: Ռուսաստանը միշտ անհրաժեշտ չափով աշխատանք այս ուղղությամբ չի կատարել եւ չի արժեւորել դա` ի տարբերություն այլ երկրների: Ռուսաստանը, չգիտես` ինչու, իր պարտքն էր համարում օգնել գազով, նավթային ռեսուրսներով, եւ առ այսօր շարունակում է դա անել` չաշխատելով էլիտայի հետ, ԶԼՄ-ների հետ: Օրինակ` Ամերիկան Հայաստանին գազ չի տրամադրում, բայց ակտիվորեն աշխատում է համալսարանների հետ, ԶԼՄ-ների, լրագրողների հետ եւ իր ծրագրերն է ներկայացնում: Իսկ մարդիկ միշտ չէ, որ զգում են այդ աջակցությունը` գազի, նավթի հարցով: Դա պարադոքս է, երբ Ռուսաստանը միլիարդներ է ծախսում, իսկ ուրիշ երկրներ ծախսում են 1000 անգամ ավելի քիչ, բայց անհրաժեշտ ոլորտներում, եւ արդյունավետորեն հասնում են արդյունքի: Այս իմաստով եթե խոսենք Սերժի մասին, գոհացնում էր նա, թե ոչ… բանն այն է, որ Հայաստանը միշտ եղել է անկախ այս բոլոր տարիներին: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ Ռուսաստանին կարող էր դուր գալ կամ ամեն ինչ` դուր չգալ: Նա, ամեն դեպքում անկախ քաղաքականություն էր վարում: Իհարկե, ՌԴ-ին շատ բան դուր չէր գալիս` օրինակ` ռազմական ուսուցման անցկացումը ՆԱՏՕ-ի հետ կամ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու: Բայց Ռուսաստանն, ինչպես տեսանք, այդ ամենին վերաբերվում էր բավական համբերատար: Ես չէի ասի, որ դա մեզ դուր էր գալիս: Կարծում եմ` նույնպիսի ճանապարհ էլ Փաշինյանի հետ կլինի:Մենք պետք է հասկանանք եւ ընդունենք հայկական կողմին, Հայաստանն էլ պետք է Ռուսաստանի շահերը հաշվի առնի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս