Կոռուպցիայի իրական ծավալը. աղմկահարույց բացահայտումները կշարունակվե՞ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխության հաղթանակից անցել է մեկ ամիս: Եւ այսօր պետք է նկատենք, որ այդ ժամանակահավածում արված բացահայտումները, կառավարության նոր ներկայացուցիչների հրապարակած փաստերը թեեւ ոչ ամբոջապես, բայց հնարավորություն տվեցին ընդհանուր, ավելի առարկայական պատկերացում կազմելու վերջին քսան տարիներին Հայաստանում իշխանությունների կոռուպցիայի մակարդակի, կոռուպցիոն սխեմաների մասին: Խոսքը միայն խոշոր սուպերմարկետներում հարկային առանձին ռեժիմով գործունեության վերաբերյալ ԱԱԾ բացահայտումների մասին չէ: Ոստիկանությունն այս մեկ ամսվա ընթացքում չարաշահումների, գումարների անտեղի վատնման մի քանի դեպքեր էլ բացահայտել է Երեւանի քաղաքապետարանում ու վերջինիս ծառայություն մատուցած ընկերություններում:

Բացի այդ, երեկ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե տարբեր գնահատականներով Հայաստանում ստվերը 22-40 տոկոսի սահմաններում է: «Ստվերը գոյանում է այնտեղ, որտեղ չկա փաստաթղթավորում, չկա բիզնեսի գրանցում»,- ասել է Անանյանը:


Կառավարության նիստում էլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է խոսել սոցիալական ծառայության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների մասին: «Ես ուզում եմ խոսել սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության մասին: … Այս տասնչորս ծրագրերի մի որոշակի մասը հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ե՛ւ պետական միջոցների ուղղակի վատնում, ե՛ւ շորթում է գնում` օդում կախված լուրերի համաձայն: Ես կարող եմ թվարկել մի քանի ծրագիր, որոնք ուղղակի մեծ վատնումների տեղիք են տալիս»,- պնդել է փոխվարչապետը:

Ավելի աղմկահարույց բացահայտումների կարելի է սպասել այն բանից հետո, երբ ամբողջությամբ կձեւավորվի եւ լիարժեք կգործի Պետական վերահսկողական ծառայությունը:
Իսկ մինչ այդ պետք է արձանագրենք մեկ տխուր իրողություն. Հայաստանը քսան տարի շարունակ թաղված է եղել կոռուպցիայի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություններն անդադար խոսել են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, ընդ որում՝ պայքարը վիրահատական միջոցներով իրականացնելու մասին: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են մշտապես, խոսել ամեն առիթով, բայց այդպես էլ քայլ չեն արել այդ ուղղությամբ: Ահա, թե ինչու նրանց հավաստիացումներն հասարակության զգալի մասն այդպես էլ չընդունեց: Այսօր պարզվում է՝ թերահավատները միանգամայն ճիշտ էին. նախորդ իշխանությունները մի քանի հարյուր դոլար կաշառք վերցրած պաշտոնյաներին ձերբակալելուց այնկողմ այդպես էլ չանցան` շրջանցելով իրական, գլխավոր կոռուպցիոներներին:




Լրահոս