Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի կալանավորումից հետո իրավիճակը լարված է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի կալանավորման մասին լուրը կայծակնային արագությամբ է տարածվել քաղաքում: Մինչ ուրբաթ երեկո դպրոցի տնօրենը աշխատանքի վայրում է եղել, խոսել անձանակազմի հետ, քննարկել քննություների հետ կապված խնդիրներ: Տնօրենի կալանավորումից հետո դպրոցում իրավիճակը լարված է: Ոստիկաններն հաճախ են այցելում, հարցաքննում յուրաքանչյուրին ու փորձում պարզել այն անձանց անունները, որոնք հնարավոր է` կապ ունենան չարաշահումների հետ: Այժմ դպրոցի կազմակերպչական հարցերով ուսումնական գծով փոխտնօրեն Հայկուհի Ջանոյանն է զբաղվում: Նա տնօրենի կալանավորման մասին սոցիալական կայքերից է իրազեկվել. «Այսօր սպասում էինք տնօրենին, չեկավ աշխատանքի, հետո իմացանք, որ կալանավորվել է: 2011 թվականից ղեկավարել է դպրոցը, խնդիրներ մինչեւ հիմա չեն ծագել»,- ասաց նա:

Ներառական կրթական համակարգում ֆինանսավորումը կատարվում է ըստ երեխաների թվի: Տրամադրվում է սնունդ ու ճանապարհածախս: Պարզվում է` դպրոցի տնօրենը, ըստ նախնական տվյալների, չարաշահումներ է թույլ տվել սննդի ձեռքբերման ուղղությամբ: Ծնողներից մի քանիսը հաճախ են բողոքել սննդից, բայց բողոքներն անպատասխան են մնացել մինչ գործի դատարան հասնելը. «Ծնողների հետ զրուցել եմ, նրանց կողմից բողոքներ կան, որոնք կապված են սննդի փաթեթների հետ: Խնդիրը կապված է սննդի որակի հետ, ծավալի հետ: Հնարավոր է` հենց այդ ուղղությամբ էլ եղել են չարաշահումները»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Չարաշահումներն ի հայտ են եկել մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում: Հայտնաբերված բացթողումներն ու չարաշահումները հավաստող փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն: Քննության արդյունքում պարզվել է, որ 697-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն դպրոց է մատակարարվել և երեխաներին բաշխվել մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է:

Այժմ համապատասխան գործողություններ են իրականացվում պարզելու այն անձանց անունները, որոնք հնարավոր է` ունեն որեւէ առնչություն գործի հետ: Մինչ այդ թիվ 40 դպրոցի Մասանագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Նվարդ Մկրտչյանն էլ պնդում է, թե դպրոցում ներառական կրթությունը իրականացվել է պատշաճ մակարդակով: «Մեկ ամիս առաջվանից ոստիկանները եկան, սկսեցին հարցաքննել: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Ես զարմանում եմ՝ ծնողներն ինչու են բողոքում: Այսքան ժամանակ որեւէ մեկը մեզ չի դիմել»:

Շիրակի մարզում սա Ներառական կրթական համակարգում չարաշահումների հայտնաբերման երկրորդ դեպքն էր: Առաջինը եղել էր ամիսներ առաջ Բյուրակնի դպրոցում:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս