Հայաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին․ գործող շուրջ 1390 հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին հնչել է առաջին զանգը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա նախնական տվյալների համաձայն՝ այս ուսումնական տարում դպրոց է հաճախում շուրջ 415 հազար աշակերտ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ի դրությամբ առաջին դասարան հաճախելու նպատակով հայտագրվել է մոտ 33 հազար երեխա։
Միաժամանակ նախարարությունը նշում է, որ առաջին դասարանների և հանրակրթական դպրոցներում սովորողների թվի վերաբերյալ վերջնական տվյալները դեռևս կամփոփվեն։ Հայտագրման գործընթացը շարունակվում է, իսկ ամբողջական ամփոփումը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 5-ից հետո։
Այսպիսով, նախնական տվյալներով՝ այս տարի Հայաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսել է շուրջ 415 հազար աշակերտ, որոնցից մոտ 33 հազարը առաջին անգամ են նստելու դպրոցական նստարանին։
Ա․ Վարդանյան




























