ԱՌԱՆՑ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դատական համակարգին.

«Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որը անկյունաքարային նշանակություն ունի, դատական անկախ համակարգի գոյությունն է: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով` անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունը ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում իրականությունը ավելի հզոր է, քան օրենսդրությունը, եւ մեր առաջ` նոր իշխանության առաջ, գայթակղության մի մեծ քար է դրված, ի՞նչ անել, շարունակե՞լ դատարանների հրահանգավորելու արատավոր ավանդույթը` դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե՞, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել դատական համակարգի անկախությունը երաշխավորելու եւ ապահովելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով` ինքս ինձ որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը, որ հանրային համոզմունքի համաձայն` երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, եւ զերծ մնալ դատավորների շեֆի տարօրինակ դեկարատարումը ստանձնելուց: Չնայած խոստովանեմ` բախվում եմ իրավիճակների, երբ դատական համակարգի ներկայացուցիչները միջնորդավորված, անուղղակի ձեւով խնդրում, աղաչում, աղերսում, ի վերջո պահանջում են ասել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում: Ուզում եմ հստակ ասել, որ հրաժարվում են նման գործելակերպից, որովհետեւ դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ եւ ժողովրդական հեղափոխության վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է: Ասել եմ եւ կասեմ` Հայաստանում դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր եւ եթե որոշել են, որ ունենա անհրաժեշտ հմտություններ, գիտելիք, իմաստնություն մարդկանց ճակատագրեր որոշելու, թող որոշեն ինչպես եւ նախատեսվում է օրենքով, մյուս կողմից որեւէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ` հիմնված կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի, ստվերային ազդեցությունների վրա, որովհետեւ նման գործելակերպ որդեգրող դատավորների անխուսափելի հանգրվանը Երեւան կենտրոն քրեակատարողական հիմնարկն է: Ես գիտեմ, ենթադրում եմ, որ Հայաստանում կան դատավորներ, որոնք սովոր են որոշումներ կայացնել կաշառքով, հրահանգով կամ կոռուպցիոն այլ մոտիվացիաներով. նրանք, ովքեր իրենց սովորությունները փոխել չեն կարող, ճիշտ կանեն հրաժարական տան եւ հեռանան դատաիրավական համակարգից»,- հայտարարեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը դատավորներից փորձեց հետաքրքվել, թե իրենք աձամբ կամ միջնորդավորված դիմե՞լ են վարչապետին, թե ինչպես վարվեն որեւէ գործով որոշում կայացնելիս:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյան
-Պարոն Վարդազարյան, լինելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ` դուք կամ Ձեր նախագահության տակ գտնվող դատավորներից ովքե՞ր են դիմել, աղերսել, խնդրել վարչապետին, որ ասի` ինչպես վարվեն:
-Ինքս անձամբ, միջնորդավորված կամ անուղղակի չեմ դիմել, իսկ դատավորների վերաբերյալ չունեմ տեղեկատվություն, նման տեղեկություն չունեմ` դիմել են, թե չէ: Այսօր աշխատանքս բավականին ծանրաբեռնված է եղել, չեմ լսել վարչապետի ելույթը, բայց հավատում եմ Ձեր բառերին, որ վարչապետը նման բան է ասել: Չգիտեմ, պաշտոնապես նման բան չի եղել, ես ինքս չեմ դիմել, իսկ մնացածի մասով տեղեկություն չունեմ:
-Եթե, ինչպես վարչապետն է ասում, ավանդույթ է եղել Բաղրամյան 26-ի հրահանգով աշխատել, իսկ դատավորները եւ դուք ասում եք` նման բան չկա, ապա ինչպե՞ս եք որոշում կայացնում:
-Բացառապես օրենքով:
-Եթե բացառապես օրենքով եք աշխատել, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք, որ թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» գործով կալանավորվածների հերթով խափանման միջոց են փոխում, եւ նրանք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկինում բոլոր միջնորդությունները մերժվում էին:
-Եթե դատախազությունը այսօր հայտարում է, որ իրավիճակ է փոխվել, նրանց վտանգավորության աստիճանը նվազել է, ազատության մեջ գտնվելով` նրանք վտանգ չեն ներկայացնի, ու չի առարկում այդ միջնորդությանը, դատարանն էլ քննության միջնորդությունը բավարարում է, համենայնդեպս դատավորները այդ հարցը ինձ հետ չեն քննարկում, ամեն մարդ իր իրավագիտակցությամբ նայում է գործի նյութերին եւ որոշում է կայացնում, այդ հարցում միջամտությունը այն է, որի դեմ այսօր բոլորս պայքարում ենք, որ դատավորի նկատմամբ իր արդարադատությունը իրականացնելու պրոցեսում որեւէ միջամտություն արգելվում է, ու մենք ունենք դրա պատկերը, մեկը մերժում է, մեկը բավարարում է, շատ նորմալ, ողջունելի պրոցես է գնում:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյան


-Պարոն Գաբրիելյան, դուք խնդրել, աղաչել, աղերսե՞լ եք վարչապետին` ասի, թե Դուք ինչպես վարվեք այս կամ այն դեպքում: Միգուցե անձամբ չեք դիմել, Ձեր ծանոթներից մեկին եք խնդրել` Ձեր փոխարեն խնդրի, աղերսի:
-Լավ էլի, ախր դա հարց տալու բա՞ն է:
-Դո՞ւք եք եղել աղերսողը:
-Ախր էդ հարցին պատասխանելու բան է, որ ես պատասխանեմ, կամ եթե ես պատասխանեմ այդ հարցին, սաղ աշխարհը կծիծաղի, այդ ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք: Լավ, նորմալ հարցեր կտաք, կպատասխանեմ:
-Եթե Դուք չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք որոշումներ կայացնում:
-Ի՞նչ որոշում:
-Ձեր վարույթում քննվող գործերը ինչպե՞ս եք կայացնում:
-Քեզ եմ հարցնում ու հետո նոր գնում կայացնում եմ, օրենքով եմ կայացնում, ուրիշ ի՞նչ կերպ պետք է կայացնեմ, կարող է` ինձ որեւէ մեկը պետք է ասի` ինչ անեմ, ու նոր անեմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Ձեր վարույթում քննվող «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածների ազատման միջնորդությունները մերժում էիք, իսկ հիմա բավարարում եք:
-Որովհետեւ իրենց վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են, խելոք են մնում, հարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, այ հիմնական խնդիրներից մեկը դա է:
-Այսինքն` քաղաքական իրավիճակի հետ կապվա՞ծ չէ Ձեր այդ դիրքորոշումը:
-Այն էլ կապ ունի, որոշակի դա էլ նշանակություն ունի, իհարկե, հենց այսօր երկու հոգու ազատ եմ արձակել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԵՐԿՈՒ ԳԵՆԵՐԱԼԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասաց, որ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար միջնորդություն պատրաստ է ուղարկելու:
-Պարո՛ն Սարգսյան, երեկ հայտարարել էիք, որ պատրաստվում եք միջնորդություն ներկայացնել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար, ովքե՞ր միացան Ձեր այս նախաձեռությանը:
-Հենց հիմա իջնում եմ ներքեւ ու զբաղվեմ այդ հարցով, դիմել եմ Ֆելիքս Ցոլակյանին:
-Ի՞նչ ասաց նա, կմիանա՞ Ձեր նախաձեռնությանը
-Նա էլ է համաձայն, քանի որ շատ լավ ճանաչում է Գառնիկ Մարգարյանին:
-Էլ ո՞ւմ եք պատրաստվում դիմել, որ միանա Ձեր նախաձեռնությանը:
-Երեւի ոչ մեկի էլ չդիմեմ, միայն այն փաստը, որ երկու գեներալ` մեկը ոստիկանությունից, մյուսը Ազգային անվտանգության ծառայությունից, միջորդում են մի մարդու համար, որ բազմամյա աշխատանքային փորձ ունի, գնդապետ է, ամեն ինչին մասնակցել է, ես չեմ հիշում մեկ դեպք, որ Գառնիկ Մարգարյանը չի մասնակցել պետականաշինությանը եւ այլն, եւ այլն, եւ անբասիր գործունեություն է ծավալել: 75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են:
-2015 թվականին են Գառնիկ Մարգարյանին հանցավոր խմբի գործով կալանավորել, ո՞ւր էիք այդ ժամանակ, ինչո՞ւ չէիք նախաձեռնում այն ժամանակ եւ հիմա նոր որոշեցիք:
-Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ:
-Առաջ ազա՞տ չէիք այդ նախաձեռնությունը կազմակերպելու համար:
-Չէ՛, այս փուլում եմ ես մտածել այդ մասին, որ այդ մարդուն օգնել է պետք, մինչ այդ քննություն էր գնում, ասում էի չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ:
-Բայց երեք տարի է` քննում են այդ գործը:
-Ես բոլորովին վերջերս ներկա գտնվեցի մի խոսակցության, չնայած միշտ հարցրել եմ նրա որպիսության մասին մտերիմներից, առանձնապես նրա հետ մտերմություն չեմ ունեցել, նա եղել է վերադաս, ես եղել եմ սովորական օպերլիազոր, իսկ ինքը` վարչության պետ :
-Ու՞մ հետ, ե՞րբ, ի՞նչ խոսակցություն եք ունեցել:
-Գառնիկ Մարգարյանի մտերիմներից, որը հարազատների հետ հանդիպել էր մեկ օր առաջ, խոսել էին նրա առողջականի մասին, որ ուշ-ուշ են քննում գործը, ակտիվ գործողություն չեն իրականացնում այն վայրում, որտեղ նա իր կալանքն է կրում, ի՞նչ տարբերություն` նա տանը լինի, ես վստահ եմ, որ նա բարեխղճորեն կգնա, քննությանը կմասնակցի, մարդկային առումով որեւէ սխալ բան չեմ անում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների քրգործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Դատական նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին: Նրա կալանքը փոխարինվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով: Դատարանը բավարարել է նաեւ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունն ու Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումները` մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը ձերբակալվել են: Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 27-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել է հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել են մահակներ, կտրող-ծակող գործիք: Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 4 անձ:




Լրահոս