Թուրքիայի նախագահական ընտրությունների հետքերով. ինչ փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արեւմտյան հարեւան Թուրքիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է: Նա կկառավարի առնվազն մինչեւ 2023 թվականը եւ մինչեւ իր կառավարման ավարտը խոստացել է Թուրքիան տեղավորել աշխարհի ամենահզոր 10 պետությունների շարքում: Հաշվի առնելով Թուրքիայի առանցքային նշանակությունը Հայաստանի համար` Էրդողանի փաստացի 4-րդ ժամկետը հակասական զարգացումներ է խոստանում:
Էրդողանը Թուրքիան ղեկավարել է նախ վարչապետի կարգավիճակով երկու հաջորդական ժամկետներում: Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում Թուրքիայում վարչապետն էր պետության ղեկավարը, սակայն նրա դերը հակակշռվում էր, եթե նախագահի պաշտոնում հայտնվում էր քաղաքական կյանքում հարգված եւ ազդեցիկ գործիչ: Այդպես եղավ Էրդողանի վարչապետության վերջին շրջանում, երբ Թուրքիայի նախագահ դարձավ նրա իսկ զինակից, արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը:

Վերջինիս մեծ հեղինակություն էր վայելում հատկապես միջազգային ասպարեզում, եւ արտաքին շրջանակները հենց Գյուլին էին տեսնում Էրդողանից հետո իշխանության իրական լծակների ժառանգորդի դերում: Սակայն Էրդողանը մտադիր չէր իշխանությունը որեւէ մեկին զիջել, անգամ իր զինակցին: Եվ ահա նա, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փոխեց կառավարման համակարգը եւ նախագահի դերը էականորեն ուժեղացրեց: Դրա հետ մեկտեղ թույլ չտվեց Գյուլին վերընտրվել եւ անձամբ մասնակցելով ընտրություններին` դարձավ Թուրքիայի նախագահ: Այդուհանդերձ, Թուրքիայում շարունակում էր ուժեղ դիրքերում մնալ խորհրդարանը, ինչը լուրջ գլխացավանք էր հատկապես Էրդողանի պես գործչի համար, որը ամբողջ կառավարման համակարգը փորձում է հյուսել բացառապես իր անձի շուրջ:

Նախագահական լիազորությունները բավական չթվացին Էրդողանին, որը մի հետաքրքիր խաղ ծավալեց` հերթով շարքից հանելով իր հակառակորդներին: Նախ զոհ գնաց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Վերջինիս, ինչպես Գյուլը, Էրդողանի խոշոր զինակիցներից էր, նրա իշխանության գաղափարական հիմնասյունը: ԱԳՆ-ի պաշտոնից հետո Դավութօղլուն նշանակվեց Թուրքիայի վարչապետ եւ կրկին, թվում էր, որպես գիտնական մարդ ու միջազգային բարձր հեղինակություն ունեցող գործիչ` կլինի Էրդողանի իրական ժառանգորդը։ Բայց կրկին հիասթափություն էր սպասում ժառանգորդ օպերացիայի բոլոր տեսաբաններին, երբ Էրդողանը հարկադրեց Դավութօղլուին եւս հեռանալու: Դեռեւս ուժեղ վարչապետական ինստիտուտը վստահվեց Էրդողանի հլու կամակատար Յըլդըրըմին, որը զուտ պահում էր վարչապետի պաշտոնը այնքան ժամանակ, մինչեւ դրա վերացումը:

Էրդողանը չափազանց խելամտորեն օգտագործեց նաեւ իր դեմ ծավալված ռազմական հեղաշրջումը: Նա դյուրինությամբ հաշվեհարդար տեսավ խռովության նախաձեռնողների հետ: Ծավալված ռեպրեսիաները ուղղվեցին նաեւ Էրդողանի քաղաքական հակառակորդների դեմ, որոնք անգամ կապ էլ չէին ունեցել հեղաշրջման հետ: Այսպիսով, Էրդողանը բանտերը նետեց թե՛ դավադիրներին, թե՛ քաղաքական ընդդիմադիրներին։ Ըստ էության, լուրջ հակառակորդներին հեռացնելով քաղաքական պայքարի հարթակից` Էրդողանը ապահովեց իր համար անմրցակցային դաշտը: Հեղաշրջման տապալման փուլում միաժամանակ հարված հասցվեց բանակի ակտիվ դերակատարությանը Թուրքիայի ներքաղաքական հարցերում: Ավանդաբար Թուրքիայում բանակը խոշոր դեր է ունեցել, քանիցս էլ ռազմական հեղաշրջում կատարել, սակայն այսօրինակ ձախողմամբ առժամանակ փակվեց նաեւ այդ ճանապարհը: Ըստ էության, Էրդողանին հաջողվեց խաղից դուրս թողնել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հակառակորդներին: Եվ մնում էր միայն իրավական կարգավորումը:

2017թ. Թուրքիայում անցկացվեցին սահմանադրական հերթական փոփոխությունները, որոնցով պետությունը լիովին անցում կատարեց ուժեղ նախագահական համակարգի: Եթե նախկին անցումը կիսատ էր, եւ խորհրդարանն ու վարչապետը դեռ կարող էին հակակշռել նախագահին, ապա հիմա վարչապետի պաշտոնն ընդհանրապես վերացված է, իսկ խորհրդարանը խիստ թույլ վերահսկողություն ունի գործադիր իշխանության նկատմամբ: Թուրքիայում, այսպիսով, հաստատված է ուժեղ նախագահական համակարգ, որտեղ գործադիրը ամբողջովին կենտրոնացած է մեկ անձի շուրջ: Էրդողանը խոհեմաբար վերացրեց գործադիրում վարչապետի պաշտոնը, որի առկայությունը հղի էր հեղաշրջումների վտանգով: Հիշենք, օրինակ, հենց Հայաստանի դեպքը, երբ նախագահական կառավարման համակարգի պայմաններում 1995թ. Սահմանադրությամբ գոյություն ուներ վարչապետի պաշտոնը, որը, ուժայինների աջակցությունը ստանալով, հեշտությամբ հեղաշրջում իրականացրեց: Ժամանակին հայ քաղաքական ու սահմանդրական մտքի ձեւակերպողները չնկատեցին, որ վարչապետը ոչ միայն տնտեսական խնդիրներ լուծող էր, այլեւ հեղաշրջում կատարող պոտենցիալ վտանգ: Իսկ ահա Էրդողանը դա տեսավ առաջին հերթին սեփական փորձով, երբ ասպարեզից հեռացրեց նախագահ Գյուլին, հետո էլ վարչապետ Դավութօղլուին:

Նախօրեին ընտրվելով Թուրքիայի անվերահսկելի ու գրեթե միապետ-նախագահ` Էրդողանը նոր իրավիճակ է ստեղծում ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում եւ նաեւ մեր տարածաշրջանում: Թուրքիայում իշխանությունը միանձնյա պատկանում է մի գործչի, որը ուղղակիորեն տապալեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը իր արմատական դիրքորոշմամբ: Էրդողանը նաեւ քանիցս ցույց է տվել, որ սկզբունքային դաշնակիցներ չունի, եւ եթե Թուրքիայի շահերը պահանջում են, նա կարող է հարվածել իր մտերիմ ընկեր Պուտինին, հայհոյել Իսրայելի վարչապետ Նաթանյահուին, սաստիկ քննադատել ԱՄՆ նախագահ Թրամփին, բայց եւ հաջորդ պահին ինքնահռչակվել նրանց վստահելի գործընկերը: Հայաստանի իշխանությունները արդ լուրջ մարտահրավեր են ստացել հանձին Էրդողանի միապետական իշխանության, եւ հին գործիքակազմով Թուրքիայի հետ խոսելու ճոխություն թույլ տալ չեն կարող: Որքան էլ ՀՀ ներկայիս իշխանության հիմնական խնդիրը երկրի ներսում է, հատկապես արտահերթ ընտրություններից հետո արտաքին հարաբերությունները լուրջ ռեստարտի կարիք են զգալու: Թուրքայի հետ հարաբերություններից փախչել չի ստացվելու, իսկ դրան հավուր պատշաճի պետք է արձագանքել առանց հին բարդույթավորված մտածողության, թշվառագույն դիվանագիտության ու անպատրաստ կադրերի:

Ն. Հովսեփյան




Լրահոս