ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ալելաիդա Բաղդասարյանին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business» նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը և աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային և ԵՄ շուկաներում հաստատվելու գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման համար բանակցությունների գլխավոր վարչության կողմից որպես EU4business նախաձեռնության բաղադրիչ:

Հայաստանում ծրագրի իրականացումը սկսվել է ագրովերամշակման ոլորտի ՓՄՁ-ների շրջանում կատարված հետազոտությամբ, որի արդյունքների վրա հիմնվելով՝ աջակցության նպատակով ընտրվել են երեք արժեշղթաներ` վերամշակված միրգ և բանջարեղեն, մրգի և բանջարեղենի չիր, և բուսական թեյ՝ հաշվի առնելով դեպի ԵՄ դրանց արտահանման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ծրագրի իրականացումը հատկապես ՓՄՁ-ների և գյուղմթերքի արժեշղթաների զարգացման համար` նախարար Արթուր Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք։ «Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ, որովհետև շատ հարցերում համախոհ ենք»,- հավելել է Արթուր Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացմանը, վերամշակման ոլորտի հետագա զարգացմանը, բնական աղետների վնասների նվազեցմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը և մի շարք այլ հարցեր:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ վերամշակող ճյուղի խթանման նպատակով Հայաստանում առաջիկայում կիրականացվի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով լիզինգով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող սարքավորումներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս