Քաղաքական մանիպուլյացիա. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր համագործակցությունը սարսափեցնում շատերին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի սկզբանե ակնհայտ էր՝ մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը կարժանան ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի թիմերի կոշտ դիմադրությանը: Ու հիմա, երբ Ռոբերտ Քոչարյանն այդ գործի շրջանակներում կալանավորված է, երբ ամեն րոպե սպասվում է ՀՔԾ հաղորդագրությունը Սերժ Սարգսյանին առայժմ որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին, նոր իշխանության դեմ լուրջ գրոհ է սկսվել մանիպուլյացիոն ամենատարբեր հնարքների կիրառմամբ:

Նախկին իշխանությունները հիմա փորձ են անում հասարակության մոտ կարծիք ձեւավորել, թե իբր մարտի 1-ի գործի վերաբացումն անձնական վրեժխնդրության փորձեր են, քանի որ Փաշինյանն ինքը այդ գործի շրջանակներում ժամանակին քաղբանտարկյալ է եղել ու հիմա ունենալով իշխանություն` իրեն «նստեցնողներին» բանտ է տանում: Բացի այդ, փորձ է արվում տպավորություն ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի շրջանակներում քայլերն անում է ոչ թե միայնակ, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թելադրանքով: Եւ ընդհանրապես, փորձ է արվում տեսակետ ձեւավորել, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս չի եկել Տեր-Պետրոսյանի ազդեցությունից:

Դե, քանի որ Փաշինյանը նախկինում եղել է Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային անդամներից մեկը (2013թ.-ից նրանց հարաբերությունները բացարձակ խզվել էին), վերջերս տեւական դադարից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը, քարոզչամեքենան իր տեսակետները հիմնավորելու համար բերում է այդ փաստարկները: Պատահական չէ, որ սկզբում այս տեսակետը փորձ էր արվում տարածել տարբեր լրատվամիջոցներով, հիմա այս տեսակետը բացահայտ արտահայտում են հայտնի գործիչներ: Մասնավորապես, երեկ տարբեր ասուլիսների ժամանակ նման միտք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նախագահական ընտրությունների մշտական թեկնածու Արամ Հարությունյանը եւ այլ գործիչներ:

Այդօրինակ մանիպուլյացիաների նպատակը մեկն է. մի կողմից հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել մարտի 1-ի գործով ռեալ բացահայտումների գնալուց, մյուս կողմից ստիպել Փաշինյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմ անի այնպիսի քայլեր, որպեսզի հետագայում նրանց միջեւ բացառվի որեւէ համագործակցություն: Պատահական չէ, որ ողջ հակաքարոզչությունը սկսվեց հենց առաջին նախագահի հետ հանդիպումից հետո, քանի որ նրանց հնարավոր համագործակցությունը սարսափեցնում է շատերին:




Լրահոս