«Երբ գործը գնում է դատարան, մշակույթի նախարարությունն այլևս իրավասու չէ որևէ ձևով միջամտել: Ինձ որևէ մեկը չի ասել, որ աշխատակիցը յոթ ամիս աշխատել է թանգարանում, բայց հրամանագրված չի եղել: Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Ինձ այլ բաներ է ասել աշխատակցուհին, որ ինքն ուզել է հրամանը տեսնել, բայց չեն տվել, վերջում զոռով է վերցրել և այլն, բայց որ ընդհանրապես հրաման չի եղել, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Եվ այն պահից, երբ իմացա, որ աշխատակցուհին դատարան է դիմելու, ճիշտ համարեցի, որ այդ հարցը թողնենք իրավապահներին: Եվ եթե կապացուցվի, որ այդ ընթացքում հրաման չի եղել, ապա թանգարանի տնօրենը կստանա համապատասխան պատիժ: Այնպես որ, այս փուլում մեր կողմից միջամտելն անիմաստ է»,– ասաց Տ. Գալստյանը:
Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվում առկա լարված մթնոլորտին, նա նշեց, որ իրենք այդօրինակ հարցերը կուսումնասիրեն և հետևություններ կանեն: Փոխնախարարի համար, այնուամենայնիվ, տարօրինակ բացահայտում եղել է, ինչը նույնպես կդառնա ուսումնասիրության և հետևությունների առարկա:
«Ինձ համար տարօրինակ էր, որ աշխատանքից ազատած աշխատակցուհուն նույն այդ տնօրենն էր աշխատանքի ընդունել: Այսինքն, նախկին աշխատող չի եղել: Տնօրենը ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխատակցուհու կրթական ցենզը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին, բայց զարմանալին այն է, որ հենց ինքն է նրան ընդունել աշխատանքի: Դա է տարօրինակը: Երբ մեր ձեռքի տակ հաստատված փաստեր լինեն, այդ ժամանակ մենք հետևություններ կանենք: Հիմա դեռ սպասում ենք ուսումնասիրությունների ավարտին և դատարանի վճռին»,– ասաց Տ. Գալստյանը:
Հիշեցնենք, որ Չարենցի տուն–թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալ յանին աշխատանքի ընդունվելուց յոթ ամից անց են կանչել հրամանը ստորագրելու, ինչին ի պատասխան նա խնդրել է հրամանի ներքևում տվյալ օրվա ամսաթիվը նշել: Սա դարձել էր հիմնական կոնֆլիկտի առիթը, իսկ հետևանքը երկու նկատողության «հիմքով» աշխատանքից ազատելն է եղել: Նշենք, որ վերջին ամիսներին նույն թանգարանից արդեն երրորդ աշխատակիցն է հեռանում թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ խնդիրներ ունենալու պատճառով:
Հիշեցնենք նաև, որ աշխատանքից հեռացնելու օրը Անահիտ Ասատրյանը հրաժարվել է անգամ ազատման հրամանի մեկ օրինակը տալ Սեդա Բադալ յանին: Միայն հաջորդ օրը, երբ Սեդա Բադալ յանը գրավոր դիմել է տնօրենին՝ ազատման հրամանի իր օրինակը վերցնելու և իր մոտ պահելու համար, թանգարանի տնօրենն այն տվել է:
Ուշագրավ է նաև այն, որ թանգարանի տնօրենը չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին՝ պատճառաբանելով, որ միայն իրավական ատյաններում կպատասխանի հարցերի, այլ հարցերի պատասխանել նա չի ցանկանում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում