Փաշինյանի թիմը ՀՅԴ պահվածքից խոստանում է հետևություններ անել. ինչ է սպասվում ներքաղաքական ճամբարում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլեւս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ` անուղղակի քննադատելով իշխանություններին: Եթե հիշում եք, ՀՅԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության եւ անկողմնակալ քննության տպավորություն:

Եւ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը` միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս։ «Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ»,- ասել է նա եւ հավելել,- «Ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ․ արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որեւէ մեկը դատավորին չի զանգում եւ ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է եւ նոնսենս է»:

ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին: Բայց դժվար չէ կռահել, թե ՀՅԴ-ն ինչ փաստարկներ կփորձի ներկայացնել. նախ կասեն, թե ՀՀ-ում ժողովրդավարություն է, որտեղ կարելի է ազատ կարծիք հայտնել, հետեւաբար իրենք էլ օգտվել են այդ հնարավորությունից: Նույնկերպ կարդարացնեն նաեւ Քոչարյանին ազատ արձակելու երաշխավորագրին ՀՅԴ-ական երեք պատգամավորների միանալը: Նույնիսկ փոխվարչապետ Ավինյանին կմեղադրեն խոսքի եւ կարծիք հայտնելու ազատության իրենց իրավունքները սահմանափակելու փորձերի մեջ: Անգամ կփորձեն համոզել, որ իրենք ամենասկզբունքային ուժն են, ու սկզբունքները վեր են` անկախ իշխանության կազմում իրենց այսօրվա դիրքից:
Բայց կարեւոր է ոչ այնքան ՀՅԴ-ի փաստարկները, որքան իշխանության ներսում առաջիկայում սպասվող գործողությունները: Ի վերջո, փոխվարչապետը խոսել է ՀՅԴ-ի պահվածքից եզրահանգումներ անելու մասին, բայց առանց մանրամասնելու՝ ինչ եզրահանգումների մասին է խոսքը: ՀՅԴ-ն եւս, վտանգի շունչը զգալով, կփորձի իր քայլերն անել: Իհարկե չի բացառվում, որ կողմերն, այնուամենայնիվ, գնան ոչ թե հարաբերությունները սրելու, այլ հաշտության ճանապարհով գոնե մինչեւ արտահերթ ընտրություններ: Ամեն դեպքում, առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:




Լրահոս