ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՇՆՈՐՀՔՈՎ» ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ուղիղ միջամտություն էր ՀՀ ներքին գործերին։ Մոսկվայի ավանդական սքողված մեթոդաբանությունը ակնհայտորեն չի աշխատում՝ ստիպելով ՌԴ իշխանություններին այլեւս անթաքույց խառնվել ՀՀ ներքաղաքական կյանքին։ Հայաստանի իշխանություններից պահանջվում է առավելագույն զգոնություն եւ զգուշավորություն՝ հարաբերությունների անխուսափելի թվացող վատթարացմանը պատրաստ լինելու համար։

ՌԴ ԱԳ նախարարի արձագանքը Հայաստանում կատարվող իրադարձություններին բավականին կոշտ էր եւ, ըստ էության, իր հրապարակայնությամբ աննախադեպ ԽՍՀՄ փլուզումից հետո հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ միջամտությունը միաժամանակ տարօրինակ չէ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մտերմությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը։ Ի վերջո, Ռուսաստանը մշտական ներկայություն է ունեցել Հայաստանի ներքին գործերում՝ թե՛ 1998թ. պալատական հեղաշրջման, թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ Մարտի 1-ի ոճրագործությունների ժամանակ՝ նկատի ունենալով ՌԴ ղեկավարության բացեիբաց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Եվ այս համատեքստում նույնիսկ տարօրինակ էր, որ Ռուսաստանը արտաքուստ խաղաղությամբ վերաբերեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը։ Այսօր, սակայն, արդեն պարզ է, որ այնժամ խուսափելով անգամ Ռուսաստանի համար խելահեղ թվացող ռազմական ինտերվենցիայից՝ Ռուսաստանը վճռել է Հայաստանի նոր իշխանությունների հետ խոսել ուժի դիրքերից։ Եվ այս տրամաբանության մեջ է հարկավոր ընկալել Լավրովի արձագանքը։ Վերջինս, ի դեպ, բավականին պատրաստված էր ու կանխավ հաշվարկված։ Լավրովը Հայաստանի մասին խոսում է ոչ թե ինչ-որ հարցազրույցի կամ ասուլիսի շրջանակներում, այլ կոնկրետ տեսաուղերձով անդրադառնում է միմիայն ներհայաստանյան զարգացումներին։ Սա ինքնին պատկերացում է տալիս, թե որքան կարեւոր է եղել ՌԴ իշխանությունների համար այսօրինակ արձագանքով հանդես գալը։
Լավրովի տեքստը, ի տարբերություն Հայաստանին վերաբերող նախորդ հայտարարությունների, պարզ էր ու թիրախային։ Հրաժարվելով ընդհանուր բնույթի ձեւակերպումներից՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները հակասում են իրենց նախկին հայտարարություններին։ Միաժամանակ, սակայն, արձանագրենք, որ նա որեւէ մեկի անունը չի շեշտել: Եթե նման հայտարարություն արվեր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, կարելի էր ըմբռնումով մոտենալ, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը այդպիսով կպաշտպաներ իր պետության շահը։ Սակայն Լավրովը խոսում է ՀՀ իշխանությունների ներքին քաղաքականության մասին, ինչը ուղղակիորեն միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ավելին՝ սա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Լավրովը ոչ ձերբակալվածների պաշտպանն է, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ։ Նրա մեկնաբանությունները ՀՀ ներքին գործերի վերաբերյալ միաժամանակ դիվանագիտական էթիկետի կոպտագույն խախտում են։ Լավրովի ասածից կարելի է ենթադրել, որ հեղափոխության շրջանում ՌԴ կառավարող շրջանակները որոշակի հավաստիացումներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, որ նախկինների նկատմամբ արդարադատական գործողություններ չեն իրականացվի։ Այստեղ ՌԴ ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է, որ ՌԴ-ն նախկինում էլ է մասնակից եղել ՀՀ ներքաղաքական զարգացումներին եւ անգամ սակարկությունների գնացել ի շահ կոնկրետ անձանց։ Վերջապես, «դիվանագետերենից» թարգմանած՝ Լավրովը ակնարկում է Հայաստանի պետականության կայունության հնարավոր խաթարման մասին՝ միաժամանակ դա կապելով ԱՊՀ տիրույթում Հայաստանի հետ հարաբերություններին։ Հիշենք, որ դեռեւս ապրիլյան օրերին ՌԴ որոշ շրջանակներ ակնարկում էին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ներքին գործերին հնարավոր ռազմական միջամտությունը, եթե վտանգվեր հայկական պետականությունը։ Եվ ահա հիմա Լավրովը նույն մտքի շրջանակներում խոսում է հայկական պետության կայունության ու ԱՊՀ հարթակներում համագործակցության մասին, ինչը տողատակում նույն իմաստն է պարունակում։
Հայաստանի իշխանությունը նրբանկատորեն արձագանքեց լավրովյան ինտերվենցիային՝ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում համապետական հանրահավաք հրավիրելով։ ՀՀ իշխանությունը կարծես խնդիր ունի ռուսներին հիշեցնելու ապրիլյան օրերը՝ հասկացնելով, որ հակահեղափոխական շրջանակներին պաշտպանելով՝ Ռուսաստանը ինքնըստինքյան պատերազմ կհայտարարի հայ ժողովրդին։ Հավանաբար իրավիճակային առումով այս արձագանքը կարող է աշխատել, սակայն այն ունենալու է կարճաժամկետ էֆեկտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 1997-98 թթ. ի վեր չի հանդուրժում այն «դաշնակիցներին», որոնք ունեն լեգիտիմ իշխանություն։ 7-ամյա դադարից հետո Ռուսաստանում իշխանությունն այնժամ գրավեցին հետադիմական ուժերը, որոնց խնդիրը ռուսական ինքնանպատակ էքսպանսիան է՝ ուղղակի, թե անուղղակ միջամտության միջոցով։ Հատկանշական է, որ Հայաստանի դեպքում Ռուսաստանը երկու տարբերակներն էլ օգտագործել է, սակայն այսօր որոշակի խնդիրներ ունի այս առումով։ Ռուսաստանը չի հասկանում Հայաստանի իշխանություններին բացառապես արժեկարգային իմաստով տարբեր դաշտերում լինելու պատճառով, ինչն էլ ինքնաբերաբար ստեղծում է անվստահության մթնոլորտ։ Ռուսական ներկայիս էլիտան պարզապես արհամարհում է ժողովրդավարական ու լեգիտիմ իշխանություններին՝ նախ եւ առաջ այդպիսին չլինելու պատճառով։ Իսկ ներկայումս խորքային իմաստով հայ-ռուսական հարաբերություններում հենց այսպիսի դրություն է, երբ Կրեմլը չի կարողանում ճանաչել ՀՀ նոր իշխանություններին՝ ինքնաբերաբար տրվելով իր բնույթին հարիր կասկածամտությանը։ Վերջինս, դժբախտաբար, ներուժ ունի փչացնելու հայ-ռուսական «դաշնակցությունը», ինչը կարող է բացառապես հակակշռվել արեւմտյան դաշտում կայուն ու վստահելի հարաբերությունների կառուցմամբ եւ հատկապես Իրանի ու Վրաստանի հետ համագործակցության խորացմամբ, իսկ Թուրքիայի դեպքում՝ հաստատմամբ։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

«ՍԱՆԻՏԵՔ»-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԼՈՒԾԱՐԵ՞Ն

Աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը վերջնականորեն չարաշահել է երեւանցիների համբերությունը: Երեւանի բնակիչներին խիստ զայրացրել է ընկերության անգործությունը: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը չի իրականացնում պայմանագրով սահմանված պարտավորությունները: Իսկ այս ընթացքում Երեւանը կանգնած է համաճարակի բռնկման վտանգի առաջ:

Տեղեկացնենք, որ «Սանիտեք»-ի տնօրեն Նիկոլաս Տավինը, ի վերջո, բարեհաճել է խոսել, թե ինչն է պատճառը, որ ընկերությունը պատշաճ չի իրականացնում քաղաքում աղբահանությունը:
Նրա խոսքերով` հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի տեխնիկական անսարքություններն են: Այս խնդիրների լուծման նպատակով էլ ընկերությունը պատվիրել է նոր բեռնատարներ: Ինչի արդյունքում նախատեսվում է ներդնել առնվազն 500-600 հազար դոլար: Ապա արդարացել է` նշելով, որ ընկերությունը զգալի վնասներ է կրում աղբարկղերի հետ առաջացած խնդիրների պատճառով. ամեն օր աղբարկղեր են կոտրվում ու այրվում: Ըստ Նիկոլաս Տավինի` այս ամենի արդյունքում ընկերությունն արդեն կորցրել է մոտ 600 հազար դոլար: Մինչ ընկերության տնօրենն ուշացած արդարանում է հանրության առաջ, նկատենք՝ Երեւանում աղբահանության խնդիրն օրեցօր ավելի սուր բնույթ է կրում, եւ առանց չափազանցնելու, մայրաքաղաքի բնակիչները հայտնվել են համաճարակի առաջ: Իսկ ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամները պահանջում են, որ «Սանիտեք»-ը պատշաճ իրականացնի իր պարտականությունները, այլապես խոստանում են դիմել Երեւանի քաղաքապետարան «Սանիտեք»-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՍԱՀՄԱՆ
2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը դիմել էր Տավուշի մարզպետարան` հարցնելով` ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին: Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին, հասարակական տրանսպորտով չսպասարկվող բոլոր համայնքների սպասարկումը նախատեսված է կարգավորել ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ստեղծման միջոցով, Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու խնդիրը կլուծվի միասնական երթուղային ցանցի շրջանակներում:
Անցավ մեկ տարի, Հայաստանում միասնական երթուղային ցանց չստեղծվեց: Նոյեմբերյանի տարածաշրջանում գործող տաքսի ծառայությունների վարորդները, անհատ տաքսիստները Երեւան տեղափոխելու համար մեկ ուղեւորից վերցնում են 3000 դրամ: Այդ տաքսի մեքենաներն ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած տեղից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ: Նախկինում` 4 տարի առաջ, միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ էր, այն Տավուշի մարզից Երեւան կամ հակառակ ուղղությամբ շարժվում էր հստակ, հաստատված ուղեգծով: Նոյեմբերյանից-Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող տաքսիների մեկնելու եւ ժամանման ժամերը հստակ չեն, տաքսին ուղեւորներին հերթով նրանց ցանկացած տեղն է հասցնում, ինչը ուշացնում է վերջին իջնող ուղեւորին: Լինում են դեպքեր, երբ տաքսին վարում է բավարար փորձ չունեցող վարորդը, ով այլ աշխատանք չունենալով` ստիպված տաքսու վարորդ է աշխատում: Ավելի քան մեկ տարի է` սահմանամերձ Բերդ քաղաքի, Բերդի տարածաշրջանի 16 գյուղերից Երեւան եւ հակառակ ուղությամբ հասարակական տրանսպորտ չի գործում: Այս ուղերթում եւս գործում են տաքսիներ, ուղեվարձն, ինչպես եւ Նոյեմբերյանի դեպքում, 3000 դրամ է: Սահմանամերձ, ռազմավարական նշանակություն ունեցող Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանները պետք է Երեւանի հետ հասարակական տրանսպորտով կապ ունենան: Նոյեմբերյանի եւ Բերդի սահմանագոտու բնակիչները պետք է հստակ իմանան Երեւան մեկնելու եւ վերադարձի հստակ ժամերը: Տաքսիներով մայրաքաղաք ժամանելու դեպքում նրանք հաճախ ուշանում են Երեւանում նախապես նշանակված հանդիպումներից, նրանց գործերը ձախողվում են: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մինչ այժմ խնդիրը լուծելու փոխարեն տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս