Աննա Հակոբյանին ասել եմ, որ ուղիղ վարսերով ինքն ինքը չէ. դիզայները՝ առաջին տիկինների եւ կին ֆիգուրների ոճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դիզայներ Արամ Նիկոլյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ոճի առանձնահատկությունների մասին: Նա նշել է, թե իր իմիջը կերտելիս ինչին պետք է ուշադրություն դարձնի վարչապետի տիկինը, անդրադարձել է հագուստի ընտրությանը, սանրվածքին եւ դիմահարդարմանը վերաբերող նրբություններին: Դիզայները խոսել է նաեւ նախկին առաջին տիկիններ Բելլա Քոչարյանի եւ Ռիտա Սարգսյանի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ոճերի մասին:

-Արամ, որպես դիզայներ ուսումնասիրելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճը` ի՞նչ եզրահանգումներ կարող եք անել: Ինչո՞վ է նա աչքի ընկնում, հատկապես ի՞նչն է նրան սազում եւ ի՞նչն է պակասում:

-Աննա Հակոբյանը պարզ ոճի կողմնակից է: Նրան ամենավառը բնութագրում են գանգուր մազերը: Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ: Պետք չէ այդ տեսակը փոխել, իր համար գանգուր մազերն են շահեկան: Ինչ վերաբերում է հագուստին, հասկանալի է, որ վարչապետի տիկնոջ պահարանը դեռ ամբողջությամբ կազմված չէ եւ հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ կրկնություններ լինեն: Պետք է ստեղծվի մի պահարան կյանքի բոլոր իրավիճակների համար եւ մեկն էլ` արարողակարգերի համար: Ամենակարեւորն այն է, որ ինչ հագնի եւ կրի Աննա Հակոբյանը, համապատասխանի իր ներաշխարհին: Այդ դեպքում նա հարմարավետ կզգա այդ հագուստի մեջ եւ ճիշտ կմատուցի այն: Պետք չէ կոտրել սեփական տեսակն ու անհատականությունը: Իհարկե, արարողակարգերը ենթադրում են հատուկ հագուստ: Դրանց շրջանակում տիկինները մեծ փայլ են հաղորդում իրենց ամուսիններին, լրացնում են նրանց: Աշխարհը, օրինակ, հետաքրքրությամբ սպասում է, թե հերթական անգամ Մելանյա Թրամփը ինչ է հագնելու, ինչ տեսքով է հայտնվելու ամուսնու կողքին:

-Իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասով: Վարչապետի տիկնոջ պարագայում նախընտրելի է վառ, թե՞ աչքի չընկնող դիմահարդարումը:

-Կին քաղաքական գործիչները, դիվանագետները, առաջին տիկինները դիմահարդարման առումով ունեն հստակ չափանիշներ: Նրանք պետք է կիրառեն մեղմ, պարզ, ոչ ընդգծված դիմահարդարում: Որքանով նկատել եմ, Աննա Հակոբյանը հենց այդպես էլ անում է:

-Իսկ ի՞նչ կասեք Ռիտա Սարգսյանի ոճի մասին:

-Նա ժամանակ առ ժամանակ դիմում էր հայ դիզայներներին, թեեւ չեմ տեսել, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ հայ դիզայների հագուստ կրի: Կարծեմ տիկին Սարգսյանը նախընտրում էր օգտվել բրենդային խանութներից:

-Բելլա Քոչարյանը առաջին տիկին եղած տարիներին ինչո՞վ էր աչքի ընկնում:

-Շատ բան չեմ կարող ասել: Նա հետեւում էր իր արտաքինին, եւ ես նկատել եմ այն էվոլյուցիան, թե ինչպես տիկին Քոչարյանը սկսեց ավելի ոճային հագնվել:

-Կին քաղաքական գործիչների ոճը եւս հետաքրքիր է: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանն աչքի է ընկնում իր սանրվածքով:

-Այո, հիշում եմ նաեւ, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում նա կրում էր Dolce&Gabbana-ի հավաքածուից զգեստ, որը շատ քննարկվեց: Ինձ համար հասկանալի է, որ նա այդ օրը ուզում էր ընդգծված արտաքին ունենալ: Դա միայն ողջունելի էր:

-Կին քաղաքական գործիչներից Արփինե Հովհաննիսյանն էլ աչքի է ընկնում իր էլեգանտությամբ, ակնոցների հսկայական տեսականիով:

-Ակնոցը շատ կարեւոր է կին քաղաքական գործչի իմիջի համար: Կարծում եմ՝ ճիշտ է անում, որ ակցենտավորում է այդ աքսեսուարը: Բավական հետաքրքիր է նայվում: Իսկ, առհասարակ, յուրաքանչյուրին, կլինի քաղաքական գործիչ, թե ոչ, խորհուրդ կտամ պահպանել ինքնատիպությունն ու հարազատ մնալ սեփական եսին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս