Արա Բաբլոյանը խոսում է մի բանի մասին, որ իրենց իշխանությունն է արել 20 տարի շարունակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

,Շատերն են հիշում երջանկահիշատակ դատախազ Վլադիմիր Նազարյանի խոսքերը. «Մտածում եք, որ եթե կարդաք, կարող է հանկարծ ձեր ուղեղն աշխատի եւ բթության կուսությունը կվնասվի»:

Հիմա այդ վտանգի առաջ հայտնվել են ՀՀԿ-ականները, որոնք բավական սուր են ընդունել հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ խոսելուց առաջ մտածելու մասին: Ու հիմա բանը հասել է նրան, որ երեկ տեսաուղերձ է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետի այդ հայտարարությունները որակել «ուղղակի ոտնձգություն այլակարծության նկատմամբ»։
Իսկապես զավեշտ է, երբ այլակարծության, այլախոհության մասին խոսում են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ դաժան պայքար են մղել խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների դեմ:

Զավեշտալի է նաեւ, երբ Բաբլոյանը խոսում է ԱԺ-ի նկատմամբ ճնշումների սպառնալիքից ու դրանց անթույլատրելիությունից. «ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում»:
Իսկ հիշում ե՞ք, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն օրենսդրությամբ ԱԺ նախագահին դուրս թողեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդից, նույն Բաբլոյանը ոչ միայն չէր դժգոհում, այլեւ փորձում էր պատճառաբանություններ բերել՝ արդարացնելու խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում օրենսդիր մարմնի նվաստացումները: Կամ հիշում եք՝ ինչպես էր կառավարությունը տարիներ շարունակ օրենսդիր մարմնին վերածել դակիչ մեքենայի` վերապահելով միայն կոճակ սեղմելու գործառույթ: Այդ ժամանակ էլ Բաբլոյանը չէր դժգոհում, այլ հլու-հնազանդ կատարում էր իրեն վերապահված դերը:

Մինչդեռ հիմա նա ոչ միայն խոսում է օրենսդիրի նկատմամբ իբր ճնշումներից ու պարտադրանքից, այլեւ ահազանգում, թե «երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են»: Արժի՞ արձանագրել, որ Բաբլոյանի թվարկած իրավիճակները Հայաստանում եղել են քսան տարի շարունակ, եւ այդ ամենն այն իշխանության մեղքով, որի մաս է կազմել նաեւ Բաբլոյանը:




Լրահոս